Ես չեմ հայհոյել. Արայիկ Նավոյան


Ես չեմ հայհոյել. Արայիկ Նավոյան

  • 08-06-2011 17:58:30   | Հայաստան  |  Հասարակություն
Հունիսի 8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ վերջնականապես փորձ արվեց փակել բուհի պրոռեկտորի հետ կապված սկանդալային ասեկոսեների հարցը: Լրագրողների բազմաթիվ հարցերից հետո միայն Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանն ասաց, որ նա իրենց շրջանավարտին` Սոկրատ Մխիթարյանին, չի հայոյել: Ըստ նրա, եթե դեռ կան այլ մեղադրանքներ եւս, ապա առանց իրավապահ մարմինների նա դրանք ընդունել չի կարող: Պրոռեկտորը, մեկնաբանելով բարձրացված աղմուկի պատճառները, նշեց, որ որոշ մարդկանց դուր չի գալիս իր խստությունը, դուր չեն գալիս բարեփոխումները, եւ «հավանաբար կա որոշակի դիմադրություն»: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա այն, ըստ պրոռեկտորի, ավարտվել է հետեւալ կերպ. Սոկրատ Մխիթարյանն իրենից ներողություն է խնդրել եւ նրանք բաժանվել են ձեռք ձեռքի տված: Հարցին, թե ինչու է բուհը վերջին ժամանակներս հայտնվել սկանդալների կիզակետում, ՀՖՀՀ ռեկտոր Ժոել լը Մորզելեկը պատասխանեց, որ համալսարանի ներսում անառողջ մթնոլորտ չկա: «Կային մի քանի դասախոսներ, որոնց աշխատանքային պայմանագրերի ժամկետների ավարտին պայմանագրերը չեն երկարացվել, նրանք էլ դիմել են դատարան»,- նշեց նա: Դատարանը բավարարել է դասախոսների հայցը, բայց ռեկտորը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան: Ռեկտորը մի քանի անգամ նշեց, որ վստահում է հայկական դատական համակարգին. խնդիրը նրանում է, որ դասախոսներն են կեղծ փաստաթղթեր ներկայացրել: Անդրադառնալով Արայիկ Նավոյանի հետ կապված միջադեպին` ռեկտորն ասաց, որ իր համար անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացվեց այս պատահարի շուրջ. «Ուսանողը ներողություն է խնդրել եւ ես կարծում եմ, որ դրանով ամեն ինչ փակվել է»,- ասաց նա: Ռեկտորն այս միջադեպի հետ կապված աղմուկը կապեց վերջերս իրենց դեմ ուղղորդված վարկաբեկման գործընթացի հետ: Պատասխանելով ռեկտորի եւ պրոռեկտորի հրաժարականը պահանջող որոշ խմբերի բարձրացրած աղմուկին` Ժոել լը Մորզելեկը նշեց, որ ե՛ւ իր, ե՛ւ պրոռեկտորի նշանակումը կատարվում է հայկական եւ ֆրանսիական կառավարությունների կողմից, եւ այս դեպքում ո՛չ դասախոսները, ո՛չ ուսանողները որեւէ բան անել չեն կարող: Անի Ռափյան
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play