ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է<br />


ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

  • 22-11-2004 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խաչատուր Աբովյանի Քանաքեռի տուն-թանգարանի տարածքում հարեւանությամբ ապրող բնակիչները կառուցել են հավանոց եւ «բեսեդկաներ», ինչպես նաեւ այն դարձրել ամեն տեսակի «ռազբորկաների» եւ «կերուխումի» վայր: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը, «ռազբորականերից» մեկի ժամանակ հրազենային կրակոցից վնասվել է մեծ գրողի արձանը: Բացի այդ, ըստ տնօրենի, նրանք անօրինական միացումներ կատարելով թանգարանի գծից էլեկտրաէներգիա են գողանում ձմռանը` ջեռուցման նպատակով, ամռանը` պահածո փակելու համար: Այս ամենի արդյունքում զգալիորեն տուժել են Աբովյանի ընտանիքին պատկանող տոհմատունը, թոնրատունը եւ թանգարանի` 1938թ.-ին բացված, հին շինությունը: Հ.Զատիկյանը նշեց, որ իր պաշտոնավարության երկու տարիների ընթացքում շինությունը պահապանող 15 պահակ է փոխվել. «Ոչ ոք չի ուզում մի քանի հազար դրամի համար վտանգել իր կյանքը»: Հ.Զատիկյանի խոսքերով, շուտափույտ միջոցներ չձեռնարկելու դեպքում առաջիկա անձրեւաջրերից եւ ձնհալից կտուժեն ոչ միայն թանգարանի ցուցասրահները, այլ ընդհանրապես վտանգի տակ կդրվի թանգարանի գոյությունը: Տնօրենի խոսքերով, ինքը բազմաթիվ դիմումներ է գրել, բազմաթիվ դռներ ծեծել, սակայն ոչ ոք չի արձագանքել: Իսկ հաջորդ տարի լրանում է մեծ գրողի 200-ամյակը: Ի վերջո Հ.Զատիկյանը դիմել է ՀՀ վարչապետին: Ըստ տնօրենի, թանգարանի պարիսպների, դարպասի եւ շենքի վերանորոգման համար անհրաժեշտ է 3,5-4 մլն դրամ: Հ.Զատիկյանը հայտնեց նաեւ, որ վերջերս Տարտուի (նախկինում` Դորպատ) համալսարանում փակվել է Աբովյանի անվան սենյակը, անվանափոխվել է գրողի անվան փողոցը, քանդվել կիսանդրին: «Գուցեեւ սա հետեւանքն է այն ամենի, ինչ կատարվում է այսօր Աբովյանի հայրենիքում` անտարբերություն եւ անհաղորդ կեցվածք սեփական մշակույթի, գրականության ու պատմության նկատմամբ»,- ասաց թանգարանի տնօրենը:
Նոյյան տապան  -   Մշակույթ