ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի
առաջնության հետաձգված 4 խաղերից 3-ը կայացան նոյեմբերի 11-ին:
Անակնկալ գրանցվեց երեւանյան 2 թիմերի` «Փյունիկի» եւ «Կիլիկիայի»
հանդիպմանը: «Կիլիկիան», որը միայն մի կերպ կարողացավ խուսափել
1-ին խումբ տեղափոխվելուց, կարողացավ վերջին րոպեին խփած գոլի
շնորհիվ 1-0 հաշվով հաղթել մինչ այդ ոչ մի պարտություն չկրած եւ
4-րդ անգամ անընդմեջ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած
«Փյունիկին»: Մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին այսպիսի
արդյունքներ. «Միկա» (Աշտարակ) - «Բանանց» (Երեւան)` 4-0,
«Դինամո-Զենիթ» (Երեւան) - «Կոտայք»(Աբովյան)` 2-3:
Հայաստանի 13-րդ առաջնությունը եզրագիծը կհատի նոյեմբերի
21-ին, երբ տեղի կունենա վերջին` «Միկա» - «Փյունիկ» մրցախաղը:
Հիշեցնենք, որ արդեն որոշվել են երկրի չեմպիոնը, առաջնության
2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները: Դրանք են համապատասխանաբար
«Փյունիկը», «Միկան» եւ «Բանանցը»: Հայտնի է դարձել նաեւ
բարձրագույն խմբին հրաժեշտ տվող թիմը. դա «Շիրակն» է: