ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ
ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
12-10-2004 21:05:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 14-30-ը
Իսպանիայի Մալյորկա կղզու Կալվիա քաղաքում կընթանա շախմատի 36-րդ
համաշխարհային օլիմպիադան: Այդ խոշորագույն մրցումներին կմասնակցեն
նաեւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները: Հոկտեմբերի
12-ին վաղ առավոտյան Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնեց
մրցավայր: Տղամարդկանց թիմում ընդգրկված են Վլադիմիր Հակոբյանը,
Լեւոն Արոնյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել
Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, կանանց թիմում` Էլինա Դանիելյանը,
Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրեասյանը:
Տղամարդկանց հավաքականի մարզիչը Տիգրան նալբանդյանն է, կանանցինը`
Արսեն Եղիազարյանը:
Հատկապես տղամարդկանց հավաքականը շատ ուժեղ կազմ ունի եւ,
ամենայն հավանականությամբ, օլիմպիադաների կրկնակի բրոնզե մեդալակիր
թիմն այս անգամ էլ ֆավորիտների թվում է: Սպասելիքներ կան նաեւ
Եվրոպայի չեմպիոն կանանց հավաքականից: Երկու մրցաշարերն էլ
կընթանան շվեյցարական խաղակարգով, 14 մրցափուլով: Սպասվում է թեժ
պայքար: