Սենատի հանձնաժողովը հաստատեց Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպաններին


Սենատի հանձնաժողովը հաստատեց Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպաններին

  • 14-09-2011 15:12:14   |   |  Քաղաքական

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածությանը: Ըստ Հայ դատի գրասենյակի, քվեարկությունից առաջ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ, Հեֆերնը նշել էր, որ քաջատեղյակ է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ղարաբաղյան խնդրին ու հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Անդրադառնալով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններին՝ դիվանագետը խուսափել էր ցեղասպանություն բառն օգտագործելուց, նշելով, որ «այդ իրադարձությունների որակումը քաղաքական որոշում է, որը կայացվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից»: Հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությամբ հաստատվել է նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիչարդոնեն, թեեւ օրենսդիրներից երեքը՝ հայամետ Ռոբերտ Մենենդեզը, Բարբարա Բոքսերն ու Ջիմ Ռիշը, դեմ են քվեարկել նրա թեկնածությանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հավանության արժանանալուց հետո երկու դիվանագետների թեկնածությունը պիտի հաստատվի նաեւ Սենատի լիագումար նիստում, որից հետո միայն դեսպանները կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը Հայաստանում եւ Թուրքիայում:
Նոյյան տապան  -   Քաղաքական