Տեղի ունեցավ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդես՝ նաեւ հոգեւորական սպասավորների մասնակցությամբ


Տեղի ունեցավ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդես՝ նաեւ հոգեւորական սպասավորների մասնակցությամբ

  • 21-09-2011 13:55:20   | Հայաստան  |  Քաղաքական
Սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված զորահանդես, որը տեւեց 2 ժամ: Զորահանդեսին հետեւում էին Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ուժային եւ իրավապահ կառույցների ղեկավարները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք, Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը: Զորահանդեսի հրամանատարն էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, զորահանդեսն ընդունեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զորահանդեսի մասնակիցներին եւ հայ ժողովրդին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայոց բանակի բոլոր ստորաբաժանումների ու միավորումների հետ միասին զորահանդեսին մասնակցեց Զինված ուժերի հոգեւոր սպասավորների շարասյունը, ովքեր Հայոց բանակայինների կողքին են ծառայության ողջ ընթացքում: Շարասյունով անցան նաեւ ազատամարտիկները՝ կամավորական ուժեր, որոնք մասնակցել են Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը: Հանդիսավոր երթին մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի, Հայաստանում տեղակայված, Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի մարտիկները: Խրոխտ քայլերթով անցան նաեւ առանձին հատուկ նշանակության բրիգադի, սահմանապահ զորքերի, ոստիկանության, ռազմական ոստիկանության զորքերի, Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող խաղաղապահ բրիգադի զինվորները: Ցամաքային քայլերթին հետեւեց նաեւ «օդային զորահանդեսը»՝ ռազմական նշանակության ինքնաթիռների եւ ուղղաթիռների մարտակարգերի մասնակցությամբ: Այս շքերթը բացեց «ՍՈՒ-25» գրոհայինների խումբը՝ Հայաստանի պետական դրոշի կարմիր, կապույտ եւ ծիրանագույն գույներով հետագծեր արձակելով: Զորահանդեսի մասնակիցները ցուցադրեցին Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի բոլոր նորագույն ձեռքբերումները. առաջին անգամ ցուցադրվեցին «Կռունկ» անօդաչու թռչող սարքերը: Ցուցադրվեցին նաեւ մինչեւ 300 կմ խոցման հնարավորությամբ «Սկատ» համակարգերը, ինչպես նաեւ «Տոչկա Ու» համակարգերը: Ցուցադրվեցին նաեւ հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի մասնագետների կողմից արդիականացված ռազմական տեխնիկայի նմուշներ, ինչպես նաեւ Հայոց բանակի սպառազինության մաս կազմող արտասատմանյան /հիմնականում՝ ռուսաստանյան/ արտադրության սպառազինություն, այդ թվում՝ «Էս-300» հակաօդային պաշտպանության համակարգը: Հրապարակով անցան հետախուզության, զրահապատ մոտահրաձգային, հրթիռային զորքերի եւ հրետանու, շարժական հրետանու, հակատանկային հրետանու եւ այլ ստորաբաժանումներ: Զորահանդեսի ավարտին մի քանի զորամասերի զինծառայողների մասնակցությամբ ցուցադրվեցին զորանցման հրաշքներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական