1883թ -Ծնվել է երգահան, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ Ռոմանոս Մելիքյանը: (Վախճ. 1935 թ.):

  • -- ::   | Armenia  |  

Ռոմանոս Մելիքյանը հայ երաժշտության նշանավոր դեմքերից է: Նա պատմության մեջ մտավ որպես ինքնատիպ տաղանդի տեր նրբազգաց արվեստագետ, իր ժամանակի առաջադեմ միտումներն ու խնդիրներն արծարծած գործիչ: Մելիքյանն ազգային դասական ռոմանսի հիմնադիրներից է, նրա «Զմրուխտի» երգաշարում բյուրեղացավ հայկական ռոմանսի վառ ազգային ոճը: Նա մեծ դեր խաղաց խորհրդահայ մասսայական երգի ստեղծման ու զարգացման գործում, իսկ իր հասարակական գործունեությամբ մեծապես նպաստեց Հայաստանում նոր երաժշտական մշակույթի ստեղծմանը, երաժշտական-լուսավորչական գործի կազմակերպմանը: Այդ իմաստով առանձնապես արգասաբեր էին նրա ջանքերը Երևանում երաժշտական ստուդիայի (1921), ապա կոնսերվատորիայի (1923) հիմնադրման, ինքնագործ երգչախմբերի ստեղծման ու ղեկավարման ուղղությամբ:

Կյանքն ու գործունեությունը

Ռոմանոս Մելիքյանը ծնվել է 1883 թ. հոկտեմբերի 1-ին Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքում, այգեգործի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Ղզլարի ծխական դպրոցում, իսկ միջնակարգը՝ Նոր Նախիջևանում, ուր և սկսվում են

նրա երաժշտական պարապմունքները դպրոցի երգչախմբում:
1900 թվականին, տակավին աշակերտ, Մելիքյանը ստանձնում է Նոր Նախիջևանի ս.Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը: Այսպիսով, սկսվում է նրա կատարողական, ապա և ստեղծագործական ինքնուրույն գործունեությունը: Աշխատանքը երգչախմբի հետ Մելիքյանի համար մի դպրոց էր, որը արգասաբեր դեր խաղաց նրա, որպես երաժշտի կազմավորման համար:

Դպրոցն ավարտելուց հետո (1902), Ռոմանոսն ընդունվում է Ռոստովի երաժշտական ուսումնարան: Ուսումնառության տարիներին ստեղծագործական աոաջին փորձերն է անում. ժողովրդական երգերի և շարականների մշակումներ երգչախմբի համար:

1905 թվականին Մելիքյանը մեկնում է Մոսկվա և, մեկ տարի մասնավոր դասեր (կոմպոզիտոր Մ. Իպպոլիտով-Իվանովի և տեսաբան Բ. 3ավորսկու մոտ) ստանալուց հետո, ընդունվում ժողովրդական կոնսերվատորիա՝ Բ. 3ավորսկա դասարան: Լուրջ պարապմունքները, ինչպես և Մոսկվայի հարուստ երաժշտական կյանքը մեծ դեր խաղացին նրա երաժշտական տեսադաշտի ընդլայնման և գեղարվեստական ճաշակի ձևավորման գործում:

Մոսկվայում շարունակվում է Մելիքյանի խմբավարական գործունեությունը՝ ղեկավարում է Lազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակում է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն:

Վատառողջությունը մի կողմից, նյութական ծանր վիճակը՝ մյուս, Մելիքյանին ստիպում են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա տեղափոխվել Թիֆլիս՝ արևելահայության մշակութային խոշոր կենտրոն, ար նա, Հովնանյան դպրոցում աշխատում է որպես երաժշտության ուսուցիչ: Այստեղ Մելիքյանն իրեն բնորոշ մեծ եռանդով լծվում է աճող սերնդի երաժշտական դաստիարակության ազնիվ գործին: Նա իր շուրջն է համախմբում դպրոցների հետ կապված երիտասարդ երաժիշտներին և ստեղծում «Երաժշտական լիգա» ընկերությանը (1908): Նույն թվին նրա աջակցությամբ Ազատ Մանուկյանը հրատարակում է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն: Որոշ ժամանակ անց Մելիքյանը Մանուկյանի հետ կազմում և հրատարակում է «Երաժշտական այբբենարանի» աոաջին մասը (1912), իսկ ուսանողության համար գրում «Աշուն» և «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը և այլն:

Ռ. Մելիքյանի մուտքը հայ երաժշտություն ժամանակակիցների դրվատանքին արժանացավ: Նրա ստեղծագործությունը որակվեց որպես թարմ հոսանք:

1910-1914 թվականներին Մելիքյանը սովորում է Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ կատարելագործվելու ձգտումով: Նրա դասատուն (ստեղծագործության)՝ Սոլովյովը, բարձր կարծիք ուներ իր ուսանողի տվյալների մասին. «Դուք ունեք զարմանալի վառ տաղանդ, ցայտուն անհատականություն ու քնքուշ քնարականություն»,- ասել է նա: Պետերբուրգում, ուսումնական բազմաթիվ առաջադրանքների հետ միասին, նա գրում է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը, մշակում է վեց հայկական ժողովրդական երգեր (ամփոփված են «Էսքիզներ» ժողովածուում): Այս երկերով ավարտվում է կոմպոզիտորի ստեղծագործական առաջին շրջանը:

1916 թվականին, ցեղասպանությունից տուժած հայերին օգնելու համար, Թիֆլիսից հայ մտավորականության մի պատվիրակություն է մեկնում Վան: Պատվիրակության մեջ էր նաև Ռ. Մելիքյանը: Վանում նա ականատես եղավ հայերի գլխով անցած արհավիրքներին, բայց և ունկնդրեց ու ձայնագրեց ժողովրդական երգերի հիանալի նմուշներ՝ կորստից փրկելու համար:

Ռ. Մելիքյանի ստեղծագործական կյանքի կարևոր երևույթներից էր նրա հեղինակային անդրանիկ համերգը, որ կայացավ Թիֆլիսում, 1920 թվականի սեպտեմբերի 19-ին: Ռ. Մելիքյանի ստեղծագործական և հասարակական գործունեությունը բուռն թափ ստացավ 20-ական թվականներին: 1921-ին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրում է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու: Սովի, տնտեսական քայքայվածության, քիչ թե շատ կազմակերպված երաժշտական կյանքի բացակայության պայմաններում Մելիքյանը, ինչպես գրում է Ստ. Զորյանը, «կարճ ժամանակում ստուդիան դարձրեց ամենաօրինակելի հաստատությունը Երևանում, իր կահավորումով, մաքրությամբ, կարգապահությամբ»: Նման արդյունքի կարող էր հասնել միայն Մելիքյանի նման անսահման եռանդի տեր, գործին անմնացորդ նվիրվող, վիթխարի կամքի տեր մարդը: Ցորյանը տվել է նաև Մելիքյանի արտաքինի դիպուկ նկարագրությունը. «Նրա քայլվածքը առանձնահատուկ էր՝ թափով, շտապ: Թվում էր` գնում է մեկին օգնելու, մի կարևոր գործի հասնելու և միշտ՝ լայն շարժումներով, առյուծի բաշը թափ տալով: Բայց և այնպես առաջին տպավորությունը, որ ստանում էին Ռոմանոսից, այն էր, որ այդ մարդն արտիստ է, բառի ամենալավ և ամենալայն մտքով»:

1923 թվականին ստուդիան վերածվեց

կոնսերվատորիայի: Ելնելով ժամանակի պահանջներից՝ Մելիքյանը գտնում է, որ այդ հաստատությունը՝ լինելով հանրապետության միակ երաժշտական օջախը, պետք է իր վրա վերցնի լայն զանգվածների երաժշտական լուսավորության գործը և չբավարարվի միայն կադրեր պատրաստելով: «Կոնսերվատորիան իր ներքին կառուցվածքով ու բովանդակաթյամբ պետք է կարող լինի գործնականապես լուծել երաժշտական բազմակողմանի հարցերը և արձագանքել մեր երկրի անմիջական կարիքներին» ,- գրում է նա լուսժողկոմատին ներկայացրած զեկուցագրում: Այդ կարիքներից էին ինքնագործ երգչախմբերի հիմնումը, դրանց համար երկացանկերի ստեղծումը, ժողովրդական երգերի հավաքումը, որին Ռ. Մելիքյանը շատ մեծ կարևորություն էր տալիս ազգային պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման գործում: Ինքը կազմակերպեց ու ղեկավարեց երգչախումբ, մշակեց հեղափոխական երգեր ու ձեռնամուխ եղավ մասսայական երգի ստեղծմանը, ինչը ժամանակի հրամայական պահանջն էր:

Նամակներից մեկում Մելիքյանը գրում է. «Իմ անհանգիստ բնավորությունը հենց սրանում է արտահայտվում, որ ես անկարող եմ բավարարվել այն բանով, որ արդեն արել եմ, և եթե սպառված չեմ ավելին անելու համար, ես անհանգիստ եմ, իսկ եթե սպառված եմ, ինձ համար կյանքը կորցնում է արժեքը»: Բնավորության այս գիծն էլ 1924 թվականին նրան տանում է Ստեփանակերտ՝ երաժշտական ուսումնարան հիմնելու, ապա՝ Թիֆլիս, ուր երկու տարի գլխավորում է Հայաստան երաժշտական սեկցիայի և երաժշտական ստուդիայի աշխատանքները, ապա՝ նորից Երևան, ուր բարեկամական հարաբերություններ են ստեղծվում նրա և Ալ. Սպենդիարյանի միջև: Նա եռանդուն մասնակցեց Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին (Օդեսայում, Թիֆլիսում, Երևանում) և Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը: Նա առաջ քաշեց Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտ¬րոնացնելու գաղափարը:

Երաժշտական-հասարակական գործունեության այս բուռն տարիներին Մելիքյանը շարունակում է իր ստեղծագործական աշխատանքը: Վերջնականապես հղկում ու հրատարակության է հանձնում «Զմրուխտի» երգաշարը (1928), ավարտում է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակում երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը»՝ առաջին փորձերից մեկն այդ բնագավառում և այլն:
1935 թվականի մարտի 30-ին Թիֆլիսում կտրվեց կոմպոզիտորի կյանքի թելը: Նա ապրեց ոչ երկար, բայց հագեցած, գեղեցիկ կյանք:

  -