1956 թ. դեկտեմբերի 6-ին մահացել է հայ գրող Դերենիկ Դեմիրճյանը

  • -- ::   | Armenia  |  

1956 թվականի դեկտեմբերի 6-ին Երեւանում մահացել է հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (Դեմիրճօղլյան): Նա ծնվել է 1877 թվականին Ախալքալաքում, նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում: Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, 1892-ին ընդունվել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: Դեմիրճյանի գրական հայացքների ձեւավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը: Դեմիրճյանը 1898-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում: 1900-ին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատուն գրական ընկերության աշխատանքներին: Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903-ին մեկնել է Մոսկվա: 1905-10-ին սովորել եւ ավարտել է Ժնեւի

համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել Թիֆլիս եւ զբաղվել ուսուցչությամբ: 1925-ին տեղափոխվել է Երեւան, եղել Գիտության եւ արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը:

Դերենիկ Դեմիրճյանը գրական ասպարեզ է իջել իբրեւ բանաստեղծ: 1893-ին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի անդրանիկ` «Ապագան» բանաստեղծությունը: Այնուհետեւ աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին: Առաջին գրքույկը` «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899-ին, երկրորդը` 1913-ին: Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ: Հասարակության հոգսերով ապրող բանաստեղծը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը, սակայն բանաստեղծությունների սիմվոլիստական պատկերների մեջ այդ ձգտումը դառնում էր անորոշ ու վերացական: Խորհրդածելով բնության ու մարդկային կյանքի մասին («Կյանքի տեսիլ» պոեմ)` Դեմիրճյանն ընդգծել է կյանքի անիմաստ լինելը: Սա երիտասարդ բանաստեղծի որոնումների շրջանն էր:

Մինչեւ 1919-ը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետեւ հիմնականում անցել արձակին
ու դրամատուրգիային:
Դարասկզբին գրած պատմվածքներում դրսեւորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»):
«Վասակ» (1912) եւ «Հովնան Մեծատուն» (1919) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման:
Բեղմնավոր է եղել Դեմիրճյանի գրիչը նաեւ դրամատուրգիայի բնագավառում: 1923-ին գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը: Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը` Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը: «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է:

Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է: Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել:


 

  -