Նոյեմբերի 29-ին ծնվել է հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը

  • -- ::   |   |  

1926 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանու

մ ծնվել է հայ գեղանկարիչ Գրիգոր Սեպուհի Խանջյանը:
Փանոս Թերլեմեզյանի դպրոցի սանը, անցնելով Երեւանի գեղարվեստական ինստիտուտի ուսումնառության բովով, 1951թ. մտել է ստեղծագործական ասպարեզ: Գրիգոր Խանջյանը 1967թ. արժանացել է Հայաստանի, 1983թ. Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչման, 1972-ին ընտրվել ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ, իսկ 1991 թվականին՝ ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, 1969թ. արժանացել է ԽՍՀՄ, 1983թ. ՀՀ պետական մրցանակների, 1981-ին դարձել է Հայաստանի ԳԱ-ի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս, միաժամանակ արժանացել է շքանշանների ու այլ պարգեւների:

Գրիգոր Խանջյանը ինքնատիպ արվեստագետ է, ունի իր ուրույն դեմքն ու ձեռագիրը: Արվեստում նա քայլում է իր սեփական ճանապարհով, իր մոտեցումն ունի հարազատ ժողովրդի գեղարվեստական հարուստ ավանդույթների նկատմամբ, օժտված է դրանք նորովի ու բարձր ճաշակով մատուցելու կարողությամբ` ինչպես գեղանկարչությամբ, այնպես էլ գրաֆիկայով, քանզի երկուսին էլ տիրապետում է կատարելապես: Գեղանկարչության ժանրում նա հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով՝ բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով: Նրա ստեղծած թեմատիկ կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «Սեւանի ձկնորսները» (1956թ.), «Երեւանի կառուցողները» (1960թ.) կտավները: Բնանկարները մոնումենտալ են («Գառնի», 1962թ.), իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը: Նույնպիսի կատարելությունն է բնորոշ վարպետի գրաֆիկական ստեղծագործությանը, մանավանդ` գրքային: Բոլորն էլ համահունչ են գրքի բովանդակությանը` մատուցված գրաֆիկական համարձակ մեկնաբանությամբ: Այդ են վկայում Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» (1956թ.), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» (1958թ.), Գ. Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» (1970թ.) եւ «Սասունցիների պարը» (1975թ.) գրքերի նկարազարդումները, իսկ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» (1963-1965թթ.) պոեմի նկարազարդումը կարելի է դասել գրքային գրաֆիկայի գլուխգործոցների շարքը:

Մշտապես նորարարական միտումներով առլեցուն՝ Գրիգոր Խանջյանը ձգտել է իր տաղանդի գործադրման նոր ոլորտներ գտնել, ընդլայնել հայ կերպարվեստի կիրառման շրջանակները` մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի
բնագավառներ, որպիսիք են` գոբելենային (գորգանկարչություն)
արվեստը,
փայտարվեստը, որմնանկարչությունը: Ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Ա-ի կողմից նա պատվեր ստացավ արարելու թեմատիկ գորգանկարներ: Դրանց թվին են պատկանում` «Իջման տեսիլք» (1977թ.), «Հայոց այբուբեն»(1981թ.),«Վարդանանք» (1983թ.), «Վերածնված Հայաստան» (1994թ.) մեծամասշտաբ եւ բազմաֆիգուր գոբելենները:
Վարպետի «Հայոց այբուբենը», «Վարդանանք» եւ «Վերածնված Հայաստան» գորգանկարները նրան բերին համաժողովրդական ճանաչում: Ժողովրդական ստեղծագործության ակունքներից սերված տիպիկ ազգային ու գեղեցիկ կահկարասիքի, գեղազարդ դռների ու փայտակերտ այլ իրերի հորինումն առանձին տեղ է գրավում վարպետի ստեղծագործության մեջ:
Այդ շարքին են պատկանում Ս. Հռիփսիմե տաճարի վանատան ընդունելության սրահի եւ Փիտսբուրգի (ԱՄՆ) համալսարանի հայկական ընթերցասրահի
կահավորանքը, Դետրոյտում (ԱՄՆ) Ալեք Մանուկյանի թանգարանի գեղազարդ
դռները, Ս. Էջմիածնի Մայր տաճարի եւ նոր վեհարանի համար պատրաստված
աթոռներն ու այլ գործերը:

Գրիգոր Խանջյանը վախճանվել է 2000 թվականին Երեւանում:



  -