Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված բացառիկ համերգի ուղիղ հեռարձակումը Հայաստանում Փարիզի Շատլե թատրոնից
21-04-2015 22:00:00 | Armenia |
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Օրանժ Արմենիայի հետ գործընկերությամբ, 2015թ. ապրիլի 21-ին կազմակերպում է բացառիկ մի իրադարձության՝ Օպերայի թատրոնի հսկա էկրանին ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված համերգը Փարիզի Շատլե թատրոնից:
Հաշվի առնելով Ֆրանսիայի հետ ժամային գոտու տարբերությունը, համերգի հեռարձակումը Օպերայի էկրանին կկայանա ժամը 22.00: Մուտքն ազատ է, սիրով հրավիրում ենք բոլորին:
Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հովանու ներքո կազմակերպված այս համերգի բացմանը կհնչի 2013թ. Էլիզաբեթ թագուհու անվան մրցանակի դափնեկիր, ֆրանսահայ երիտասարդ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի՝ հատուկ այս կապակցությամբ ստեղծած երաժշտությունը: Համերգի երկրորդ մասում կհնչի Մոցարտի Ռեքվիեմը:
Հարյուրամյակի առիթով, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ծագումով հայ հանրահռչակ մենակատարների և փայլուն երաժիշտների մի ամբողջ համաստեղություն համախմբող նվագախումբը, ինչպես նաև Գյուլբենկյան հիմնադրամի երգչախումբը կղեկավարի Ալեն Ալթինօղլուն: