Վերապրածներ 2005-2015.լուսանկարչական ցուցահանդես

  • 21-04-2015 17:00:00   | Armenia  |  
Նազիկ Արմենակյանի վավերագրականn լուսանկարչական ցուցահանդեսը համադրող` Վիգեն Գալստյան
 
2015թ   21.04-02.05
Սարգիս Մուրադյան ցուցասրահ 
Իսահակյան 38
Բացումը Ապրիլի 21-ին, ժամը`17:00-ին
Ցուցահանդեսը կգործի մինչև  մայիսի 2-ը
Ցուցահանդեսն ընդգրկված է Հայոց Ցեղասպանության 100-րդ 
տարելիցի միջոցառումների շարքում 
Ցուցահանդեսի հովանավորող` պրն. Աշոտ Խաչատուրյանց
 
 
Մեկ տասնամյակի ընթացքում ստեղծված «Վերապրածները» մեծածավալ լուսանկարչական պատում է Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին, որն ընդգրկում է դիմանկարներ, ինտերիերի պատկերներ, ականատեսների վկայություններ և արխիվային լուսանկարներ։ Նախագիծն ընդգծում է լուսանկարչության կարևորությունը՝ 1915-ը ընկալելու և անհատական ինքնության վրա դրա հետևանքները ըմբռնելու գործում: 
 
Նախագիծը սկիզբ է առել 2005-ին որպես դիմանկար ստեղծելու առաջադրանք, երբ Արմենակյանը սովորում էր Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի ֆոտոլրագրության կուրսում: Շատ չանցած նա ճանաչում է ձեռք բերում՝ որպես Հայաստանում աշխատող առաջնակարգ ֆոտոլրագրողներից մեկը: Սակայն իր այդ ուսանողական լուսանկարի` Ռեմելլա Ամլիկյանի դիմանկարի առաջացրած բուռն արձագանքները մղում են Արմենակյանին վերադառնալու վերապրածների թեմային և այն զարգացնելու։ Ինչպես լուսանկարիչն է նշում 2015-ին տված մի հարցազրույցում` նրա համար կարևոր էր ցույց տալ, «որ այդ մարդիկ… հավերժ չեն՝ չնայած 100 տարի ապրել [են] ու դեռ ապրում են, որովհետև ասելիք ունեն: Ես հասկացա, որ այդքան տարի այդքան ասելիք պահելով, լռություն պահելով, իրենք ինչ-որ բանի էին սպասում»: Ի վերջո, Արմենակյանին հաջողվեց լուսանկարել Հայաստանում ապրող 45 վերապրածների: 
 
Ի դեմս թվացյալ պարզության` Արմենակյանի լուսանկարները սոսկ դիմանկարներ չեն: Վերապրողի կերպարի միջոցով դրանք փորձում են 1915-ի իրադաձությունները կամրջել մեր իրականությանը: «Այլապէս ինչպէս կարելի է Աղէտը ցույց տալ»,- հարցնում է Մարկ Նշանյանը այս ցուցահանդեսը ուղեկցող գրքի իր հեղինակած առաջաբանում.
…եթէ ոչ նկարը ցոյց տալով որպէս նշխար եւ ուրեմն ամէն դէմք դարձնելով ինքն իր պատկերը, այսինքն դարձնելով իրապէս վերապրողի դէմք, եւ ո՛չ թէ որեւէ դէմք, որեւէ դիմանկար։ Անշուշտ շատ մը բաներ կարելի է ցոյց տալ... մինչեւ իսկ սարսափը թերեւս... Բայց այդ ձեւով չէ որ ցոյց պիտի տրուի Աղէտը երբեւիցէ։ Այդ ձեւով չէ որ պիտի ան մտնէ նկարին մէջ։ Բացի եթէ նկարը ցոյց տայ պատկերը որպէս նշխարեալ։ Այդպէս է որ վերապրողին դէ՛մքը կ՚երեւի որպէս վերապրողի՛ դէմք։
 
Ցեղասպանության անպատկերելի պատկերը վերակառուցելու փոխարեն Արմենակյանի նախագիծը վերակենդանացնում է - դիտողի մասնակցությամբ - հենց այն պատկերը, որ ցեղասպանությունը փորձել է ջնջել: Հին ֆոտոներով պատված տան ինտերիերներ, առօրյա իրեր, ընտանիքի անդամներ` այս սովորական բաները մեզ դարձնում են այն, ինչ կանք և բնորոշում են մեր մարդկայնությունը: Միևնույն ժամանակ հաճախ մենք անտեսում ենք այս ամենի էականությունը, և Արմենակյանի նախագիծը վերհանում է դրա արժեքն ու կորստյան ողբերգությունը:
 
«Վերապրածներ»-ում ներառված լուսանկարները memento mori  չեն, այլ պատմություններ փոխանցելու միջոց: Դրանք մեզ վերածում են վկաների, որոնք հարյուր տարի անց պետք է տեսնեն, լսեն և գտնեն փոխհատուցման ինչ-որ ձև` այս զոհերին վերադարձնելով մի ժամանակ ոտնահարված` անհատական ինքնության արժանապատվությունը: Այս դիմանկարները ցույց են տալիս դեմքեր, որոնք տեսել են անպատկերելին: Նշխարների նման նրանք հուշում են հիշողությունը պահպանելու մեր պատասխանատվության մասին։ Հիշողություն այն բանի, որն այլևս երբեք չպետք է կրկնվի: 
 
Երևանում ներկայացվելուց հետո, ցուցահանդեսը կբացվի Հայաստանի մարզային կենտրոններում՝ Գյումրիում (Ձիթողյանցների տուն թանգարան), Դիլիջանում (Դիլիջանի պատկերասրահ), Վանաձորում (Վանաձորի պատկերասրահ)։ Ցուցահանդեսին ուղեկցող ֆոտոգիրքը լույս կտեսնի մայիսին և կնդգրկի շուրջ 45 լուսանկար։ Գրքի հրատարակիչն է 4 Պլյուս ֆոտո-վավերագրական կենտրոնը, պրն. Աշոտ Խաչատուրյանցի հովանու ներքո։ 
 
  -