Դասընթաց-քննարկում՝ ՀՀ բոլոր մարզպետարանների զարգացման բաժինների ներկայացուցիչների համար

  • 08-12-2016 10:00:00   | Armenia  |  
ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը դեկտեմբերի 7-ից 9-ը Աղվերանի  ՙԿրիստալ Ռեզորթ՚ հյուրանոցային համալիրում  ՀՀ բոլոր մարզպետարանների զարգացման բաժինների ներկայացուցիչների  համար կազմակերպում է  2-րդ դասընթաց-քննարկումը։
 
Դասընթաց-քննարկման աշխատանքների ընթացքին  հետևելու նպատակով դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կմեկնի Աղվերան: 
Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, դասընթացը անցկացնում է ԵՄ փորձագիտական խումբը՝ տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ:
 
Տեղեկանք. 
ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 26-28-ը  Արագածոտնի մարզի Արագած համայնքում տեղի է ունեցել դասընթացի 1-ին փուլը, որի նպատակն էր մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերին ներկայացնել ռազմավարությունների մշակման գործընթացի տեխնիկական պահանջները։ 
2-րդ փուլում ՏԶՌ-ների մշակման համար ներկայացվելու են անհրաժեշտ վերլուծական մեթոդները, իրավիճակի վերլուծությունը, ՍՎՈՏ վերլուծությունը, ինչպես նաեւ տրամադրվելու են  պրակտիկ գիտելիքներ եւ հմտություններ այդ խնդիրների լուծման վերաբերյալ:  Դասընթացի ավարտին ներկայացվելու են ՀՀ բոլոր մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները։ Տարածքային զարգացման նմանատիպ ջանքեր են ներդրվել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում։
Դասընթաց-քննարկումները շարունակական բնույթ են կրելու։ Դասընթացին հաջորդելու են ԵՄ փորձագետ Ռոբերտ Գիրեյկոյի գխավորած փորձագիտական խմբի այցերը Հայաստանի բոլոր մարզեր՝ դասընթացի մասնակիցներին տեղերում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ 
 
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն
 
 
 
  -