Հոկտեմբերի 10 -ին ժամը 19:00 Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, ով մեծ հաջողությամբ սեպտեմբերին ղեկավարեց Ճապոնիայի ամենահեղինակավոր երկու նվագախմբերը՝ Ճապոնիայի ամենահեղինակավոր դահլիճներում: Այս համերգի ծրագրում ընդգրկված են Պագանինիի «Վարիացիաներ Մովսեսը Եգիպտոսում թեմայով», Չայկովսկու «Նոկտյուրն թիվ. 4» և Բոկերինիի Թավջութակի կոնցերտը: Որպես մենակատար հանդես կգա Պ. Ի. Չայկովսկու անվ. միջազգային երիտասարդական մրցույթի «թավջութակ» անվանակարգում առաջին մրցանակակիր, մի շարք միջազգայի մրցույթների դափնեկիր, թավջութակահար Անաստասիա Ուշակովան՝ Ռուսաստանից: Չնայած երիտասարդ տարիքին Անաստասիան արդեն բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Չեխիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հարավային Կորեայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլն: Նա հանդիսանում է նաև Չայկովսկու անվան Միջազգային երիտասարդական փառատոնի /Մոսկվա-Կլին -2017/ նախաձեռնողը, կազմակերպիչը և մասնակիցը: