1917 թ.-ի հունիսի 17- Ծնվել է պատմաբան աշխարհագրագետ Թադեւոս Հակոբյանը

  • -- ::   | Arménie  |  


1917 թ.-ի հունիսի 17- Ծնվել է Պատմաբան- աշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:Թադեւոս Հակոբյանը:

Թադևոս Հակոբյանը ծնվել է  Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղում: Ավարտել է գյուղի 7-ամյա դպրոցը և տեղափոխվել Կապանի հանքերը, աշխատել որպես փականագործ: Աշխատանքին զուգընթաց սովորել ու ավարտել է բանվոր երիտասարդության երեկոյան միջնակարգ դպրոցը: 1935թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը: 1940թ. համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է գյուղ և աշխատել ուսուցիչ Ողջիի միջնակարգ դպրոցում:

 
1941թ. հունիսի 22-ին Թադևոս Հակոբյանը զորակոչվում է բանակ, մասնակցում Մոսկվայի պաշտպանությանը, այնուհետև Նովորոսիյսկի ուղղությամբ մղվող մարտերին, որտեղ ծանր վիրավորվում է և զորացրվում, վերադառնում հայրենի գյուղ: Շարունակում է մանկավարժական աշխատանքը Ողջիի, Քաջարանի, Կապանի միջնակարգ դպրոցներում: 1945թ. ընդունվում է պետական համալսարանի ասպիրանտուրան, 1949թ. ավարտում այն և պաշտպանում թեկնածուական թեզ: 1962թ. պատմաաշխարհագրական գիտությունների դոկտոր էր, 1963թ. նրան շնորհվեց պրոֆեսդորի, 1968թ. գիտության վաստակավոր գործիչի կոչում: Եղել է պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի դեկան, ղեկավարել է տնտեսական աշխարհագրության ամբիոնը: Դոկտոր պրոֆեսոր Թադևոս Հակոբյանը մինչև իր կյանքի վերջը դասախոսություններ է կարդացել համալսարանում, կազմել է մի շարք դասագրքեր ու ձեռնարկներ, քարտեզներ, ուսումնական ծրագրեր: Ունի 25-ից ավելի գիտապատմական մեծ
արժեք աշխատություններ, Հայաստանի պատմական աշխարհագրությանը վերաբերվող գիտական ուսումնասիրություններ, ՚Երևանի պատմությունըՙ քառահատոր աշխատությունը, Սյունիքի պատմաաշխարհագրության հատուկ գիտական ուսումնասիրությունը,
հայ ժողովրդի պատմության դասագրքերը և այլն: ՚Հայաստանի և հարակից շրջանների տեղանուններիՙ քառահատոր հանրագիտական բառարանը անգնահատելի նշանակություն ունեցող աշխատություն է, որը սկզբնախբյուր է հանդիսանում գիտնականների ու ուսումնասիրողների համար: Մեծ գիտնականը ակտիվ կերպով մասնակցում էր հասարակական-քաղաքական կյանքին, գիտամանկավարժական և գիտական գործունեության համար արժանացել է կառավարական բազմաթիվ պարգևների: 1989թ. հոկտեմբերի 14-ին, կյանքի 73-րդ տարում, հանկարծամահ եղավ ականավոր գիտնական Թադևոս Խաչատուրի Հակոբյանը:
 
 
       Թ.Հակոբյանը 1962թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1963-ին՝ պրոֆեսորի կոչում: 1962-86թթ. Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչն էր, 1955-57, 1963—65թթ՝ նույն ֆակուլտետի դեկան: 1968թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Նա կարդացել է «Տնտեսական աշխարհագրության ներածություն», «Աշխարհագրական գիտությունների պատմություն և մեթոդոլոգիա», «Հայաստանի պատմական աշխարհագրություն», «Հայաստանի տեղանուններ» հատուկ դասընթացները: Պրոֆեսոր Թ.Հակոբյանն ամենից առաջ և ամենից շատ գիտնական էր: Նրա աշխատությունները, որոնց ընդհանուր ծավալն անցնում է 1500 մամուլից, կազմում են մի ամբողջ գրադարան: Ստեղծել է բուհական ու դպրոցական դասագրքեր, նոր դասընթացներ և ուսումնական օրինակելի ծրագրեր, կազմել Հայաստանի քարտեզը (մ.թ.ա. II դ. - մ.թ. V դ. սահմաններով): Նրա հեղինակած մենագրությունները, դասագրքերը, ձեռնարկները, հետազոտությունները շատ բազմազան են: Բազմավաստակ գիտնականի աշխատությունների առաջին խումբը վերաբերում է Հայաստանի պատմական աշխարհագրությանը, պատմական Հայաստանի քաղաքներին, հատկապես՝ փառավոր Անիին: Հեղինակը խոր գիտականությամբ քննել, ստացված արդյունքներն ընդհանրացրել ու տվել է հայագիտության համար շատ կարևոր գործեր, որոնք ընթերցողի մոտ առաջացնում են խոր հայրենասիրություն, ամենանվիրական զգացմունքներ՝ հայ ժողովրդի և՛ այսօրվա, և՛ կորցրած, բայց չմոռացված հայրենիքի ամեն մի հատվածի հանդեպ: Գիտնականի աշխատությունների երկրորդ խումբը նվիրված է աշխարհագրության պատմությանը, որոնցում հեղինակը լայն ընդգրկմամբ և գիտական մեծ հմտությամբ տարբեր դարաշրջանների սոցիալ-քաղաքական հարաբերությունների ֆոնի վրա քննության է առել ժամանակի աշխարհագրական գիտության նվաճումները, դրանց ցարգացման խնդիրներն ու առանձնահատկությունները: Այս խմբի աշխատությունների նշանակությունը դուրս է եկել համահայկական շրջանակներից: Ի դեպ, սրանց բարձր գնահատական են տվել օտարազգի մի շարք խոշոր գիտնականներ: Վաստակաշատ գիտնականի աշխատությունների երրորդ խումբը վերաբերում է քաղաքամայր Երևանին: Հնագիտական, պատմագրական, արխիվային հարուստ նյութերն ի մի բերելով՝ նա համակողմանիորեն ներկայացրել է մեր հինավուրց մայրաքաղաքի պատմության երկարաձիգ ուղին, դրա տնտեսական, հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի բնորոշ կողմերը: Առանձնապես ուշագրավ է «Երևանի պատմությունը» քառահատոր աշխատությունը, որը բազմահարուստ փաստական նյութերով կերտված հանրագիտական երկ է: Թ.Հակոբյանը (Հ.Բարսեղյանի և Ստ.Մելիք-Բախշյանի հետ) գիտահետազոտական քրտնաջան գործունեության շնորհիվ ստեղծել է հայ իրականության մեջ իր նմանը չունեցող՝ տեղանունների հինգհատորանոց բառարան («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»): Սա հանրագիտարան է ու գործնական ուղեցույց-ձեռնարկ աշխարհագետի, պատմաբանի, բանասերի, Հայաստանի ժողովրդական տնտեսության պատմությամբ, հնագիտությամբ ու ճարտարապետության պատմությամբ, հայ ժողովրդի ազգագրությամբ զբաղվող մասնագետների ու ընթերցող լայն հասարակայնության համար: Թ.Հակոբյանի անխոնջ աշխատասիրությունը, հետևողականությունը, գիտական մեծ բարեխղճությունը, նախանձելի սրամտությունը, համեստությունը, կենսախինդ բնավորությունը երիտասարդությանը դաստիարակելու դասական օրինակ էին: Հանրապետության աշխարհագետների, պատմաբանների, ինչպես նաև բանասերների զգալի մասը նրա երախտապարտ սաներն են: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական, դոկտորական ատենախոսություններ:
 
  -