Մարտի 3-ն այսուհետ Հայաստանում կնշվի որպես գործարարի օր
03-03-2017 10:30:00 | Arménie |
ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ին կայացած նիստում որոշեց հայ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությամբ այսուհետ պաշտոնապես նշել որպես «Գործարարի օր»: Հանրապետության վարչապետի և կառավարության այս քայլը գործարարի նկատմամբ ոչ միայն ջերմության ու երախտագիտության, այլ նաև նրանց առավել զորակցելու և մշտապես նեցուկ լինելու պատրաստակամության արտահայտություն է:
Այդ առիթով մարտի 3-ին նախատեսվում է անցկացնել հետևյալ միջոցառումները՝
1.Առավոտյան ժամը 10:30-ին Գեղագիտության ազգային կենտրոնում (Աբովյան 13) կայանալու է հուշադրոշմանիշի շնորհանդեսի և մարման արարողություն, որի մասնակցելու են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Հայփոտ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Քեչիջյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլոք:
2. Ժամը 11-ին նույն կենտրոնում բացվելու է «Մանթաշյանցի ժամանակը, հայ գործարար կյանքը 19-20-րդ դարերում» ժամանակավոր ցուցադրությունը:
3. Ժամը 12-ին Մանթաշյանցի արձանի մոտ (Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկին կից տարածքում), Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ առաջին անգամ պաշտոնապես նշվելու է «Գործարարի օրը»: Նախորդ տարիներին Միության նախաձեռնությամբ արդեն ավանդույթ էր դարձել գործարարի մեծարման ու Մանթաշյանցի ծննդյան օրը նշելը: Պսակադրությունից հետո արձանին կից Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի հոգևոր արարողություն օրվա խորհրդի կապակցությամբ:
Հարգելի լրատվամիջոցներ, մենք խորապես կարևորում ենք ձեր ակտիվ աջակցությունը ողջ՝ հայությանը ներկայացնելու «Գործարարի օրվա» խորհուրդը, որը առիթ կդառնա բարեգործական բազում ծրագրերի և անհատական բարերարություններ կատարելու կարիքավոր մեր հայրենակիցներին: Դա իր հերթին կարող է նաև զորակցել Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանը:
Անշուշտ ձեր կողմից միջոցառման լուսաբանումը բոլորիս կողմից կգնահատվի որպես բարեգործական յուրահատուկ քայլ և երախտիքի տուրք մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակին, ում մեծ կյանքի ուսանելի դասերը այսօր բոլորիս համար օրախնդիր են: Այս ամենը մասնավորապես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ հանրապետության տնտեսական զարգացման հայեցակարգային հիմնադրույթներում են: