ՀՀ ԳԱԱ-ում կնշեն վաստակաշատ պատմաբան ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյա հոբելյանը

  • 22-09-2017 14:00:00   | Arménie  |  
 
Սեպտեմբերի 22-ին լրանում է վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի ճանաչված կազմակերպիչ, գիտության վաստակավոր գործիչ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ սույն թվականի սեպտեմբերի 22-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ հանդիսավոր նիստ: Ողջույնի ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հանդես կգա  «Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի կյանքն ու գիտական գործունեությունը» թեմայով զեկուցմամբ: Ելույթներին կհաջորդի «Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյան-90» (նյութերի ժողովածու, Եր., 2017), «Բարխուդարյան Վ.Բ., Ֆեոդալական հողատիրությունը Հայաստանում 9-11-րդ դդ.» (Եր., 2017) գրքերի շնորհանդեսը:
 
Այնուհետև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կցուցադրվի «Մի կյանքի պատմություն. Վլադիմիր Բարխուդարյան» ֆիլմը, որից հետո կմեկնարկի Վլադիմիր Բարխուդարյանի հոբելյանին նվիրված գիտաժողով:  
 
Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 22-ին` Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: 1950թ. նա հաջողությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում ասպիրանտական ուսումնառության տարիներին Վլադիմիր Բարխուդարյանը ակադեմիկոս Սուրեն Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում:
 
       Վլադիմիր Բարխուդարյանն առաջին աշխատանքային փորձը ստացել է Հայաստանի պատմության պետական թանգարանում` որպես կրտսեր գիտական աշխատող (1955-1958թթ.): 1958թ. աշխատանքի է անցել  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում`որպես կրտսեր (1958-1959թթ.), այնուհետև` ավագ գիտաշխատող (1963-1967թթ.), գիտքարտուղար (1959-1963թթ.), փոխտնօրեն (1967-1990թթ.): 1990 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ նախագահությունում` որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար (1990-2000թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար (2000-2005թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, հումանիտար  գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2005-2006), ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006-2011թթ.), ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական (2011-2017 թ.):
    Վլադիմիր Բարխուդարյանն առաջին մասնագետներից էր, որ, գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարևորությունը, դարձավ այդ ուղղության համակարգված ու գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը: Նա «Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն» (հ.1-2, Երևան, 1967թ., 1985թ.) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային պատմությունը: Վլադիմիր Բարխուդարյանի` Պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժնի ղեկավարության ներքո ստեղծվել են հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ` «Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությունից», «Հայ ազատագրական շարժումները և հայկական գաղթավայրերը 16-18-րդ դարերում» (1985թ.), «Էջեր հայ գաղթավայրերի պատմության» (1996թ.): 
            Հայաստանի անկախացումից հետո Վլադիմիր Բարխուդարյանը լուրջ ներդրում է ունեցել դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում: Նրա խմբագրությամբ լույս է տեսել հայ ժողովրդի ամբողջական պատմությունն ընդգրկող չորս դասագիրք: 
    Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի և այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ և գործուն մասնակցություն է ունեցել դրանց աշխատանքներին: 
    Վլադիմիր Բարխուդարյանն առանձնակի ջերմությամբ ու եռանդով է մասնակցել Հայոց եկեղեցու հոգևոր ու գիտամշակութային կյանքին: Նա երկար տարիներ եղել է Բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը: 
            Վլադիմիր Բարխուդարյանն արժանացել է բազմաթիվ պարգևների` ԽՍՀՄ  Պատվո նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ շքանշաններ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ:
           Վլադիմիր Բարխուդարյանը կյանքից հեռացավ 2017թ-ի գարնանը:
 
 
  -