«Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը

  • 23-02-2018 10:00:00   | Arménie  |  
 
Փետրվարի 23-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Երևան, Մ. Բաղրամյան պող. 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին:
 
  Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Կընթերցվեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսի ողջույնի ելույթները: Ելույթներով հանդես կգան նաև ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:
 
  Գիտաժողովում ներկայացվելիք զեկուցումները համակողմանիորեն կանդրադառնան Հայոց պետականության կայացման ու պահպանման համար համընդհանուր պայքարի համատեքստում Արցախի հիմնահարցերին։
 
  Վարդանանց ու Վահանանց պատերազմների ընթացքում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի շնորհիվ 480-ական թվականներից Հայոց պետականությունն ինքնավար տարբերակով վերականգնվեց ինչպես Արևելյան Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Արարատյան երկրում, այնպես էլ Հայոց Արևելից կողմերում՝ Արցախում, Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ։ Հետագա դարերում Արցախում Առանշահիկները շարունակեցին պետականության պահպանման ավանդույթները Հասան-Ջալալյանների և տոհմիկ ազնվականական այլ տների կողմից։ Ուշ միջնադարում Արցախում պետականության յուրօրինակ դրսևորումներ էին հայկական սղնախներն ու մելիքությունները։
 
  Պատահական չէ, որ Արցախի դերը խիստ կարևորվեց 18-րդ դ. երկրորդ կեսին առաջ քաշված ազատագրական ծրագրերում։    Արցախն ակտիվորեն ներգրավվեց նոր ժամանակներում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի մեջ։ Նորօրյա պետականություն ստեղծվեց Արցախում 1918-1920 թթ., որն արցախահայության 1920 թ. ապրիլի 25-ի 9-րդ համագումարի որոշմամբ իրեն հռչակեց Հայաստանի Հանրապետության մաս։ Խորհրդային տարիներին բոլշևիկյան ղեկավարության ոչ հայանպաստ քաղաքականության պայմաններում Արցախը կարողացավ պահպանել իր պետականության որոշակի տարրերը 1923 թ. հուլիսի 7-ին կազմավորված ԼՂԻՄ-ի կարգավիճակով, իսկ 1991 թ. սեպտեմբերի 2-ին կյանքի կոչվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։       
 
22.02.2018թ.
 
 
  -