Փշատավան համայնքում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» գյուղական կենցաղավարության, արհեստների և արվեստի երկրորդ փառատոնը
29-09-2019 12:00:00 | |
Սեպտեմբերի 29-ին ժամը 12։00-ից 20։00-ն Արմավիրի մարզի Փշատավան համայնքում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» գյուղական կենցաղավարության, արհեստների և արվեստի երկրորդ փառատոնը, որի նպատակն է զբոսաշրջության միջոցով նպաստել Փշատավան համայնքի զարգացմանը։
Փառատոնին իրենց մասնակցությունն են ունենալու ՀՀ Արմավիրի մարզպետարանի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, պատգամավորներ, մշակութային, հասարակական գործիչներ։
«1000 տարվա գյուղամեջ»-ը Փառատոնների հայկական ասոցիացիայի անդամ է, իրականացվում է ասոցիացիայի աջակցությամբ և Փշատավանի համայնքապետարանի հովանավորությամբ՝ հեղինակ – կազմակերպիչ Կարինե Փանոսյանի և Փշատավանի երիտասարդական նախաձեռնության համակարգող Լիլիթ Գրիգորյանի կողմից։
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ժամը 12։00 –ին, որն ուղեկցվելու է հայկական ավանդական դիմակահանդեսով՝ նվիրված Թումանյանի 150 ամյակին, այնուհետև ներկայացվելու է ավանդական կոխի ցուցադրություն, ելույթ է ունենալու ՀՀ վաստակավոր արտիստ, փահլևան Վլադիմիր Հակոբյանը։
Մինչ բացման արարողությունը ժամը 11-ից համայնքում մեկնարկելու է ծանրամարտի մրցաշար, որի ժամանակ ցուցադրական ելույթով ներկայանալու է Դյութազնագրքի հերոս Գևորգ Աֆրիկյանը, ով նաև սահմանելու է նոր ռեկորդ՝ հենում - ծալում վարժությունը կատարելով բութ և ճկույթ մատներով։
Այնուհետև հյուրերը շրջելու են գյուղում՝ մասնակից դառնալու իրադարձություններին։
«1000 տարվա գյուղամեջ»-ը մյուս փառատոններից տարբերվում է իր ձևաչափով, քանի որ տաղավարները տեղադրված են ոչ թե հրապարակում, այլ բնակիչների բակերում։ Հյուրերը ոչ միայն դիտում են, այլ նաև մասնակցում․ բակերում իրականացվում են վարպետության դասեր։
Բակերն անվանական են և յուրաքանչյուրում տեղի է ունենում մեկ կամ մի քանի իրադարձություն․ « Դարբնոց », « Թոնրատուն » , « Մեղրի բակ » , « Նկարչության բակ », « Երաժշտական բակ » (Նվիրված է Կոմիտասի 150- ամյակին), « Կավագործության, կերամիկայի և խաչքարագործության բակ», « Կարուձևի բակ », « Բրդի վերամշակման և գորգագործության բակ », « Տիկնիկագործության և տոնածիսական բակ», « Գրականության բակ », « Գինու և օղու թորման բակ », « Թանգարանային բակ- ցուցադրական պեղումներ», « Թատերական բակ »։
Գործելու են․ լուսանկարչության տաղավար՝ ազգային մոտիվներով կահավորված, սրճարաններ, հուշանվերների սրահ։
Հյուրերի համար գյուղի հրապարակում գործելու է տեղեկատվական կենտրոնը, որին մոտենալով հյուը ստանալու է հակիրճ տեղեկատվություն իրադարձության մասին, քարտեզ և տեղեկատվական թերթիկ։ Այնտեղ բնակիչ երիտասարդները ցանկության դեպքում մատուցելու են նաև գիդ- էքսկուրսավարի ծառայություն՝ խմբերի համար։
Փողոցներում տեղադրված են լինելու ուղղորդող ցուցանակներ։ Գյուղի հրապարակում՝ քարտեզ։
Երեկոյան նախատեսվում է համերգային ծրագիր հայկական ազգային երաժշտական խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։
Կազմակերպիչները հոգում են լրագրողների Երևան-Փշատավան և հակառակ ուղղությամբ երթուղին։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել կազմակերպիչներին։