2002 թ. դեկտեմբերի 18-ին վախճանվել է արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը

  • -- ::   | Армения  |  

Հրանտ Մաթեւոսյանը ծնվել է

1935թ. Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում: Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում եւ խմբագրություններում: Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից:

Մաթեւոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց: 1960-ական թվականները գրական վեճերի եւ որոնումների տարիներ էին: Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Նոր սերնդի արձակագիրները, որոնց
մեջ էր նաեւ Մաթեւոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից: Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր եւ ուրիշների կյանքը` փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները: Արձակի այս շարժման մեջ Մաթեւոսյանը մեծ ներդրում ունեցավ: Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում եւ նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում:

«Մենք ենք, մեր սարերը» վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, եւ այստեղ արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով: Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործում` «Աշնան արեւ» վիպակում:

Նոր է նաեւ Մաթեւոսյանի ոճը: Ինչ–որ մեկը կարծես լարված ու գրգռված խոսում է` հեգնելով ու զայրանալով, խախտելով ժամանակների հաջորդականությունը, հիշելով անցյալն ու դատողություններ անելով: Այս ձեւով է Մաթեւոսյանը արտացոլում ժամանակակից մարդու հոգեբանությունը:

Նրա գործերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով:

Հրանտ Մաթեւոսյանը մահացել է 2002 թվականին:

 

  -