Ծնվել է հայ նշանավոր կինոռեժիսոր, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր Համո Բեկնազարյանը

  • -- ::   | Армения  |  


1892թ մայիսի 19-ին` Երևանում ծնվել է հայ նշանավոր կինոռեժիսոր, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր Համո Բեկնազարյանը: 1914թ-ից սկսել է նկարահանվել ռուսական ֆիլմերում: Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքին:1918թ ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը (մինչ այդ պրոֆեսիոնալ մարմնամարզիկ է եղել): 1921թ-ից գլխավորել է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր: 1923թ Համո Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում և հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան: 1926թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` «Նամուս»-ը: Ականավոր ռեժիսորի

թողած ստեղծագործական վիթխարի ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ դրսևորելու իր տաղանդի ահռելի ուժը: Դրա վառ ապացույցն այն էր, որ 1920-ականներին ընդունել է Հայաստանի կառավարության հրավերը, քաջ տեղյակ լինելով, որ այնտեղ կինոարտադրության և ստեղծագործական գործունեության համար նույնիսկ նվազագույն հիմքեր չկան: Այդ տարներին նա սիմվոլիկ գումարներով նկարահանել է այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Զարե», «Շոռն ու շոռշոռը»: Նրա ստեղծած առաջին հայկական ձայնային ֆիլմը` «Պեպո»-ն, դարձավ ոչ միայն Բեկնազարյանի գլուխգործոցը, այլև տեղ գտավ ժողովրդական կինոյի ոսկե պահոցում: Ավելի ուշ նկարահանել է հայ կինոյի 2 այլ հրաշալի ֆիլմեր` «Դավիթ Բեկ» (1943թ)
և «Զանգեզուր» (1938թ): Վերջինի համար Ստալինի կողմից խրախուսական մրցանակի է արժանացել: «Երրորդ քարավան» ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնաց անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելեցին և նախագիծը փակեցին: Բեկնազարյանը խոր ցավով և կսկիծով լքեց «Հայֆիլմ» կինոստուդիան ու Հայաստանը և սկսեց ֆիլմեր նկարել միջինասիական հանրապետություններում: Հայ կինոյի հիմնադիրը 1965թ ապրիլի 27-ին մահացել է ծանր հիվանդությունից` Մոսկվայում` հեռու հայրենիքից և հարազատներից, միայնության մեջ:

 

  -