Մարտի 3-ն այսուհետ Հայաստանում կնշվի որպես գործարարի օր

  • 03-03-2017 10:30:00   | Армения  |  
ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ին կայացած նիստում որոշեց հայ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությամբ այսուհետ պաշտոնապես նշել որպես «Գործարարի օր»: Հանրապետության վարչապետի և կառավարության այս քայլը գործարարի նկատմամբ ոչ միայն ջերմության ու երախտագիտության, այլ նաև նրանց առավել զորակցելու և մշտապես նեցուկ  լինելու պատրաստակամության արտահայտություն է:
 
 Այդ առիթով մարտի 3-ին նախատեսվում է անցկացնել հետևյալ միջոցառումները՝
   1.Առավոտյան ժամը 10:30-ին Գեղագիտության ազգային կենտրոնում (Աբովյան 13) կայանալու է հուշադրոշմանիշի շնորհանդեսի և մարման արարողություն, որի մասնակցելու են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Հայփոտ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Քեչիջյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլոք:
   2. Ժամը 11-ին նույն կենտրոնում բացվելու է «Մանթաշյանցի ժամանակը, հայ գործարար կյանքը 19-20-րդ դարերում» ժամանակավոր ցուցադրությունը:
   3. Ժամը 12-ին Մանթաշյանցի արձանի մոտ (Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկին կից տարածքում), Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ առաջին անգամ պաշտոնապես նշվելու է  «Գործարարի օրը»: Նախորդ տարիներին Միության նախաձեռնությամբ արդեն ավանդույթ էր դարձել գործարարի մեծարման ու Մանթաշյանցի ծննդյան օրը նշելը:    Պսակադրությունից հետո արձանին կից Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի հոգևոր արարողություն օրվա խորհրդի կապակցությամբ: 
      Հարգելի լրատվամիջոցներ, մենք խորապես կարևորում ենք ձեր ակտիվ աջակցությունը ողջ՝ հայությանը ներկայացնելու «Գործարարի օրվա» խորհուրդը, որը առիթ կդառնա բարեգործական բազում ծրագրերի և անհատական բարերարություններ կատարելու կարիքավոր մեր հայրենակիցներին: Դա իր հերթին կարող է նաև զորակցել Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանը: 
   Անշուշտ ձեր կողմից միջոցառման լուսաբանումը բոլորիս կողմից կգնահատվի  որպես բարեգործական յուրահատուկ քայլ և երախտիքի տուրք մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակին, ում մեծ կյանքի ուսանելի դասերը այսօր բոլորիս համար օրախնդիր են: Այս ամենը մասնավորապես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ հանրապետության տնտեսական զարգացման հայեցակարգային հիմնադրույթներում են:
         
ՀԱԳՄ լրատվական ծառայություն
 
 
 
  -