Ցուցահանդես «spotlight.am | քաղաքացիական ֆոտոլրագրության անկախ հարթակ» խորագրով

  • 25-03-2017 12:15:00   | Армения  |  
Մարտի 25-ին՝ ժամը 12:15-ին, հրավիրում ենք Սարգիս Մուրադյան ցուցասրահ (Իսահակյան 38)՝ «spotlight.am | քաղաքացիական ֆոտոլրագրության անկախ հարթակ» ֆոտոցուցահանդեսի բացմանը, որին կմասնակցեն նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ:  
 
Ցուցահանդեսին կցուցադրվեն հարթակում գործարկումից ի վեր հրապարակված լավագույն 10 ֆոտոպատմությունը: Ֆոտոռեպորտաժները հարթակի օգտատերերը պատրաստել են Տավուշի, Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում:
 
spotlight.am-ը քաղաքացիական ֆոտոլրագրության հարթակ է, որը լուծում է մարզային իրադարձությունների լուսաբանման խնդիրը: Քանի որ Հայաստանում մեդիա դաշտը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաքի վրա ու լուսաբանում է տեղի իրադարձությունները, լրագրողները հաճախակի չեն հասնում մարզեր, կամ ուշ են հասնում: Հաճախակի ԶԼՄ-ներն իրենք չեն կարողանում լրագրողներին մարզ ուղարկել, քանի որ մարդկային ռեսուրսի բացակայության մեծ խնդիր ունեն:
 
PAN-ը որոշեց լուծել մարզային իրադարձությունների լուսաբանման խնդիրն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ստեղծեց spotlight.am-ը, որը բացի խնդիրը լուծելուց նաև կապում է ԶԼՄ-ներին մարզային իրադարձությունները լուսաբանողների հետ: Նախագիծը մեկնարկել էր Տավուշի ու Շիրակի մարզերից, լուսաբանողներն էլ հենց տեղացիներն են:
 
Գործակցելով հարթակի հետ, նրանք քաղաքացիական ֆոտոլրագրությամբ են զբաղվում՝ բարձրաձայնելով խնդիրներն ու նպաստելով իրենց բնակավայրի մասին տեղեկատվության աճին: Հարթակի յուրաքանչյուր օգտատեր ֆոտոլրագրող է, որը լուսաբանում է իր մարզում/ քաղաքում/ գյուղում կատարվող իրադարձությունն ու լուսանկարներ հրապարակում՝ մանրամասն նկարագրելով, թե ինչ ու ինչպես է եղել, ԶԼՄ-ներն էլ, իրենց հերթին, հետևում են հարթակին և տեղեկանում այդ ամենի մասին:
 
 
 
 
 
 
 
  -