Ս.թ. մայիսի 30-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հրավիրում են Ձեզ լուսաբանելու «Կամուրջ հարթակ»-ի պաշտոնական մեկնարկը, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը, և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Կամուրջ»-ը զբոսաշրջության ոլորտի մասնավոր ընկերությունների հարթակ է, որը հնարավորություն է տալիս մասնակիցներին ծավալել բաց երկխոսություն և քննարկել գյուղական զբոսաշրջության զարգացման գերակա խնդիրներն ու մոտեցումները, կիսել իրենց տեսակետները և ներկայացնել առաջարկություններ նոր ստեղծվող գյուղական տուր պրոդուկտների վերաբերյալ:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 30-ին, ժամը 14:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում` ք. Երևան, Պետրոս Ադամյան 14: