ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» թեմայով միջազգային գիտաժողովը
15-10-2019 09:00:00 | Армения |
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» թեմայով միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի 80-ամյակին:
Գիտաժողովի նպատակն է համախմբել բնագիտական թանգարանների ներուժը՝ նպաստելու ՀՀ-ում թանգարանների և գեոտուրիզմի զարգացմանը, որն իր հերթին կխթանի հանրապետությունում կայուն զբոսաշրջության զարգացմանը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչրատուր Մելիքսեթյանը: Թանգարանի 80-ամյա գործունեության նվաճումները կներկայացնի թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը:
Գիտաժողովի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի և Ավստրալիայի 31 մասնակիցներ կներկայացնեն զեկուցումներ Հայաստանում երկրաբանության պատմության, բնապատմական թանգարանների արդի հիմնահարցերի, գեոտուրիզմի, գիտական տուրիզմի, էկոտուրիզմի զարգացման, թանգարանային կրթության և տուրիզմի, լքված հանքավայրերի վերականգնման և դրանք հանգստյան գոտիների վերածելու, երկրաբանական հուշարձանների պահպանության և այլ թեմաների վերաբերյալ: Քառօրյա գիտաժողովի ընթացքում մասնակիցները կայցելեն Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան, Արարատի տրավերտինի հանքավայր, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Թռչունների» քարայր, «Սևան» ազգային պարկ:
Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Շրջակա միջավայրի նախարարությունը, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, Դի Վի Վի ինթերնեյշնալը և Երևանի քաղաքապետարանը:
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանը ժամանակավոր ցուցադրության տեսքով ստեղծվել է 1937 թվականին երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ։ Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմվել է նրա հարուստ հավաքածուների՝ մոտ 4500 նմուշի հիման վրա։ Հետագայում թանգարանի հավաքածուները համալրվել են Հայաստանի և այլ երկրների երկրաբանների կողմից։
Թանգարանի հիմնական նպատակը ՀՀ երկրաբանական կառուցվածքի, ընդերքի հարստությունների երկրաբանական նվաճումների ցուցադրումն է։ Թանգարանում ցուցադրված են օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների և բույսերի նմուշներ, քարտեզներ։ Ֆոնդում կա ավելի քան 13 հազար նմուշ։ Ցուցանմուշները ցուցադրված են 6 բաժիններում՝ հանքաբանության, հնէաբանության, քարաբանության, օգտակար հանածոների, Հայաստանի հանքային ջրերի, Հայաստանի բնական հուշարձանների։
1944 թվականից թանգարանը կոչվում է Հովհաննես Կարապետյանի անունով։