1858 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է գերմանացի արեւելագետ Յոհաննես Լեփսիուսը

  • -- ::   | Հայաստան  |  

1858 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է գերմանացի հոգեւորական, արեւելագետ, հայ ժողովրդի բարեկամ Յոհաննես Լեփսիուսը:

Հայ ժողովրդի ողբերգության` 1915—1916 թթ. ցեղասպանության մասին, ինչպես հայտնի է, գրել են բազմաթիվ ականատեսներ, տարբեր երկրներում, տարբեր լեզուներով: Գերմանացի հասարակական գործիչ, արեւելագետ դոկտոր Յոհաննես Լեփսիուսի հրատարակումները եղեռնի մասին այսօր էլ ամենահավաստի աղբյուրներն են:

Դոկտոր Լեփսիուսի կյանքը կարելի է դիտել որպես իր ժամանակաշրջանի հայ ժողովրդի պատմության մաս: Նա երկար տարիներ զբաղվել է հայկական հարցով, փաստեր հավաքել Օսմանյան կայսրության մեջ հայերի ծանր դրության վերաբերյալ, որոնք հրատարակել է «Հայաստանը եւ Եվրոպան» (1896 թ.) աշխատութան մեջ: 1914-ին հիմնում է մինչեւ օրս գործող

Գերմանա-հայկական ընկերությունը: Լինելով վերջինիս նախագահը` ի թիվս պարբերական այլ հրատարակությունների, լույս է ընծայում նաեւ գերմաներեն–հայերեն «Մեսրոպ» սքանչելի հանդեսը: 1915 թ. փետրվարին հայկական եղեռնի գլխավոր հանցագործներից մեկի` Օսմանյան կայսրության երիտթուրքական պարագլուխ, ռազմական մինիստր Էնվեր փաշայի հետ ունեցած պատմական զրույցի ժամանակ նա ձգտում էր կասեցնել «հայերի բնաջնջումը»: 1916 թ. Լեփսիուսը Գերմանիայում գաղտնի հրատարակեց «Հաղորդագրություններ Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին» նշանավոր գործը:

Կ. Պոլսից վերադառնալուց հետո հասարակական գործչին հաջողվում է հույժ գաղտնի մեղադրական հաղորդագրություններով հանդես գալ քաղաքագետների, լրագրողների եւ զինվորականների առջեւ: Բայց քանի որ այն ցանկալի ազդեցություն չունեցավ, նա` ռազմական գրաքննության եւ լրտեսության կողմից հալածված, սկսեց չեզոք երկիր Շվեյցարիայում մամուլի միջոցով գործունեություն ծավալել: 1916 թ. հարկադրված հեռացավ Հոլանդիա` այնտեղ ազատ գործելու, ուր Լեփսիուսը նշանակալից ուժեղացրեց հայկական շարժումները` այդտեղից ազդելով նաեւ Գերմանիայի վրա:
Սերտորեն համագործակցում էր սկանդինավահայ բարեկամների հետ, անձնական կապ պահպանում անգլիական պետական գործիչ եւ հայերի մեծ պաշտպան լորդ Բրայսի հետ:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեփսիուսը շարունակում է իր պայքարը հանուն հայ ժողովրդի: Ժնեւում կազմակերպվում է Հայերի օգնության միջազգային լիգա: 1919 թ. Լեփսիուսը հրատարակում է կարեւոր փաստագրական մեկ այլ աշխատություն` «Գերմանիան եւ Հայաստանը»: 1921-ին Բեռլինում Ս. Թեհլերյանի դատի ժամանակ հանդես է գալիս որպես վկա` մերկացնելով Թալեաթ փաշայի ոճրագործությունները հայկական եղեռնի ժամանակ:
Բազմամյա պայքարը քայքայեց Լեփսիուսի առողջությանը: Նա վախճանվեց 1926 թ. փետրվարի 28-ին 67 տարեկան հասակում Մերանում (Հարավային Տիրոլ), ուր գնացել էր հանգստանալու:



 

  -