1878 թ. ծնվել է արեւմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանը

  • -- ::   |   |  


Վահան Թեքեյանը ծնվել է Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը: 1896թ., որպես առեւ

տրական պաշտոնյա, մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում: Այստեղից անընդհատ աշխատակցում է արեւմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը:

Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ. Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին: 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, որն էլ հնարավորություն տվեց նրան փրկվելու արյունահեղ կոտորածից: Սակայն գրական-մանկավարժական կյանքը, ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, եւ վերադառնալով Պոլիս` սկսում է խմբագրել «Ժողովրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կենտրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը: Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին
կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչեւ իր կյանքի վերջը խմբագրում է «Արեւ» օրաթերթը:

Վախճանվել է Կահիրեում 1948 թ.–ի ապրիլի 4–ին: Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը:

1901 թ. Փարիզում հրատակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին հավաքածուն` «Հոգերը»: Հրատակվում է «Հրաշալի հարություն»(1914), «Կես գիշերեն մինչեւ աշալույս» (1920), «Սեր»(1933), «Հայկական երգեր»(1943) եւ այլ բանաստեղծությունների հավաքածուները:
Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի եւ ռոմանտիզմի յուրօրինակ համատեղություն է:
Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծությունների ու սոնետների հեղինակ է, այլեւ գրել է պատմվածքներ գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին: Նա նաեւ ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է: Նրա գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր գործում միախառնված են բանաստեղծական երեւակայությունն ու փիլիսոփայող միտքը: Դրանց միջոցով էլ գրողը փորձել է ըմբռնել կյանքի գաղտնիքներն ու վեր հանել մարդկային հասարակութան մեջ տեղ գտած անարդարութունները:

Հայ ընթերցողները Վ. Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ ծանոթացել են նաեւ արտասահմանյան, հատկապես ֆրանսիական գրողներից շատերի` Շեքսպիրի, Վիկտոր Հյուգոյի, Շառլ Բոդլերի, Օսկար Ուայլդի եւ ուրիշների արժեքավոր գործերին:
Թեքեյանի գրական ու հասարակական գործունեության արժանիքների արդարացի գնահատականը սփյուռքի ամենամեծ մշակութային միությունը նրա անունով կոչելն էր: Միությունը հիմնադրվել է 1947 թ. Բեյրութում: Աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով այն օգնում է սփյուռքահայության մեջ տարածելու հայրենի մշակույթը:


Ես սիրեցի


Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե`
Զինքը որքա՜ն սիրեցի...
Ո՞վ կարդալ սիրտը գիտե:

Ամենեն մեծ հրճվանքիս,
Ամենեն սուր վշտերուս
Ներշնչողները, ավա՜ղ,
Զիս չեն ճանչնար այս պահուս:

Սերս կարծես այն գետն էր,
Որ իր հոսանքը անբավ
Առավ լեռան ձյուներեն
Ու լեռը զայն չտեսավ:

Սերս այն դուռն էր կարծես,
Ուրկե ոչ ոք մտավ ներս.
Ծաղիկներով ծածկըված`
Գաղտնի պարտեզ մըն էր սերս:

Ու եթե սերս ոմանք
Երկքնին վրա` անսահմա՜ն
Տեսան ծուխի մը նման,
Կրակն անոր չտեսան...:


Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե`
Զինքը որքա՜ն սիրեցի,
Ո՞վ կարդալ սիրտը գիտե...:


 

  -