Կստորագրվի հուշագիր՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու վերաբերյալ

  • 21-02-2017 11:30:00   | Հայաստան  |  
Փետրվարի 21-ին ժամը 11:30-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Աբովյան 9) ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող բնակարանաշինական ծրագրերի համակարգող Արսեն Քարամյանի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն-վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր՝ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու վերաբերյալ:
Նշված ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվել են երիտասարդ բժիշկներին, մանկավարժներին, դասախոսներին, գիտաշխատողներին, ծրագրավորողներին, բանկային համակարգի աշխատողներին և այլն:
Բնակելի համալիրը բաղկացած է լինելու երեք մասնաշենքերից, ունենալու է 210 բնակարաններ և ստորգետնյա ավտոկայանատեղեր: Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և կանաչապատ հանգստի գոտիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն: 
Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլրդ. ՀՀ դրամ:
Ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին մասնակցել են թվով 9 բանկեր, որոնց կողմից ներկայացված առաջարկներից հաղթող է ճանաչվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարկավորման հետևյալ առաջարկը. 
- հիփոթեքային վարկի արժույթը՝ ՀՀ դրամ,
- հիփոթեքային վարկի մարման ժամկետը՝ մինչև 20 տարի, 
- հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը՝ 7,95 տոկոս, 
- կանխավճարի չափը՝ 10-20 տոկոս,
- հիփոթեքային վարկ տրամադրելու որոշման կայացման ժամկետը՝ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում,
- հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չկան,
- հիփոթեքային վարկի տրամադրման վճարներ չկան,
- կուտակային խնայողական դրամային ավանդների ծառայություններ՝ մինչև կառուցապատման ավարտը ժամկետով, 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով:
 
 
 
  -