Միջոցառումներ՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերին.ՀՀ ՊՆ (ժամանակացույց)

  • 26-05-2017 12:00:00   | Հայաստան  |  
Մայիսի 26-ին, ժամը 12:00-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրիթանգարանամերձ հրապարակում տեղի կունենա  հայ մեծճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի (1908-1973) կիսանդրու բացումը։
 
Սարդարապատի և Մուսալեռան հերոսամարտերին նվիրված հուշահամալիրները և մի շարք հոյակերտ կոթողներ հեղինակած ճարտարապետի ծննդյան 110-ամյա հոբելյանին ընդառաջ՝ սույն կիսանդրին հոգու յուրատեսակ պարտք է նրա հիշատակին։ Կիսանդրին տեղադրվել էՀայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի դիմահայաց որմնախորշի պատին։ Կիսանդրու հեղինակն է ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը։ Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը բացվել է 1968 թ․։ Համալիրի հիմնական կառույցներն են տուֆակերտ թևավոր ցլերը, զանգաշտարակը, արծիվների ծառուղին, հուշապատը, «Վարդավառ» սեղանատունը և Հայոց ազգագրության թանգարանի շենքը։ Վերջինս կառուցվել է ճարտարապետի մահվանից հետո և բացվել 1978 թվականին։ Ռ․Իսրայելյանի այս և մյուս բոլոր կոթողները հայ ավանդական ճարտարապետության յուրօրինակ մեկնաբանման և զարգացման յուրատեսակ օրինակներ են։ Դրանք ստեղծման օրվանից դարձել են հայերի և օտարերկրացինների այցելության սիրված վայրեր և մայիսյան մեր նվիրական հաղթանակների փառաբանման արժանի խորհրդանիշներ։
 
Նույն օրը ժամը 12:30-ին Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում կբացվի «Պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոցը» խորագրով ժամանակավոր  ցուցադրությունը, որով առաջին անգամ հայրենիքում ներկայացվելու է այնթապցի Գալէմքեարեան տոհմիպղնձագործ վարպետների և նրանց հետնորդների պատրաստած դեկորատիվ-կիրառական արվեստի հոյակերտ նմուշների ընտրանին, ինչպես նաև՝ արխիվային լուսանկարներ, գործիքներ և այլ՝ շուրջ 270 ցուցանմուշներ։
Գալէմքեարեանների տոհմում սերնդեսերունդ, շուրջ երկու դար, փոխանցվել են արհեստագործական ավանդույթները: Սկսած 19-րդ դարից տեղեկություններ կան Մերձավոր Արևելքում հայտնի այս արհեստագործների մասին։ Առաջին վարպետը Տիրացու Մելքոնն էր (19-րդ դար), սակայն ամենից շատ գրվել է Ավետիս Գալէմքեարեանի մասին՝որպես Այնթապի ինքնապաշտպանության ղեկավարի և հերոսի:
     Ցուցադրվող հավաքածուի հիմնական մասը ստեղծվել է Այնթապում՝ Առաջին աշխարհամարտից առաջ, և պատկերացում է տալիս ոչ միայն այս համայնքում բարձր մակարդակի հասած արհեստների մասին, այլև ժամանակի քաղաքային կենցաղի մասին: Ներկայացված աշխատանքային գործիքները և լուսանկարները թույլ են տալիս պատկերացում կազմելու վարպետների աշխատանքային պայմանների ու կենսամիջավայրի   վերաբերյալ: Ցուցանմուշների մի մասը՝որպես սրբություն, պահվել է նրանցընտանիքներում և փոխանցվել սերնդեսերունդ:
      Հովհաննես Գալէմքեարեանի՝ ընտանիքի վերջին վարպետի կտակի համաձայն այսօր հավաքածուն գտնվում է Հայաստանում: Հավաքածուն Հայաստան է բերվել Հալեպում Հայաստանի հյուպատոսարանի գործուն աջակցությամբ։Այնուհետև գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը դրանք ցուցադրության նպատակով ի պահ է տվել Հայոց ազգագրության թանգարանին։
Ցուցադրության մասն են կազմում Գալէմքեարեանների ժամանակակից մի քանի այլ վարպետների ստեղծագործությունները, որոնք որոշակի պատկերացում են տալիս ժամանակի արհեստների և արհեստագործական ընտանիքների մասին:
Ցուցադրությունը գործելու է  մինչև տարեվերջ։
 
Մայիսի 27-ին, ժամը 12: 00-ին Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցում Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների համար կմատուցվի հոգեհանգստյան կարգ, ապա ներկաները կայցելեն հերոսների շիրիմներին։ Առաջարկվում է միջոցառմանըմասնակիցդառնալՍբ. Գայանե եկեղեցու բակից։
Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության փառապանծ էջերից է: 1918թ. մայիսի 22-28-ը հայ ժողովուրդը հաղթեց թուրքական կանոնավոր և լավ զինված զորքին, որի շնորհիվ հայ ժողովուրդը փրկվեց ի սպառ բնաջնջումից և կերտեց իր պետականությունը։ 
Հայ ժողովրդի  հիշողության մեջ անմոռաց կմնան Մովսես Սիլիկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի, Արամ Մանուկյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի, Գարեգին Հովսեփյանի, Զավեն եպիսկոպոս Բաբայանի, Եզնիկ և Թադևոս վարդապետների, Տաճատ Հովակիմյանի, Արսեն Ջաղինյանի, Արսեն Սարգսյանի, Ստեփան Ալոյանիև այլոց անունները: Կռվողների թվում էին նաև հայ մտավորականները` գրողներ Մալխասը և Ակսել Բակունցը, գիտնականներ Գրիգոր Ղափանցյանը, Արարատ Ղարիբյանը և ուրիշներ: 
Սարդարապատի հերոսամարտը հայության միասնության, հավաքական պայքարի հերոսական օրինակ է, ուր դրսևորվեց օրհասի ժամին ժողովրդի բոլոր խավերի և քաղաքական հոսանքների անհրաժեշտ միասնության հրամայականը: 
 
 
ՀՀ Պաշտպանության նախարարության Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան։
 
1968 թ. կառուցված հուշահամալիրի միջոցով սերնդեսերունդ արժևորվում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը։ 
Հուշահամալիրի տարածքում Հայոց ազգագրության թանգարանն այցելուների առջև իր դռներն է բացել 1978 թ. սեպտեմբերի 13-ին։ Թանգարանում պահպանվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են հայ ժողովրդի կողմից ստեղծված մշակութային  ժառանգության կարևոր մաս կազմող ավելի քան 74 000 թանգարանային առարկաներ։
Թանգարանի 6500 քմ ցուցադրական մակերեսի վրա ներկայացված են հայ ժողովրդի մշակութային առանձնահատկությունները՝ համահայկական ընդհանրություններով և տեղային առանձնահատկություններով։ Մայիսյան հերոսամարտերի պատմությանը և հայոց պետականության վերականգնմանը նվիրված հիմնական ցուցադրությամբ նաև ամբողջացվում է հուշահամալիրը՝ որպես հայոց ազատատենչ ոգու և ստեղծագործ մտքի բացահայտմանը կոչված գործող մշակութային հաստատություն։ 
  -