Դեկտեմբերի 16-ին՝ 14.00-ին, Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադրման երրորդ տարելիցի կապակցությամբ, Ժողովրդական արվեստի կենտրոնում (Աբովյան 64) կկայանա Մուղդուսյան արվեստի կենտրոնի աշխատանքների ցուցադրությունը: Ցուցադրվելու են կենտրոնի սաների աշխատանքները՝ կարպետ, խեցեգործություն, գեղանկար և քանդակ, երգելու են նաև մեր կենտրոնի մանկական վոկալ խմբակի փոքրիկ սաներն ու Նաիրյան վոկալ անսամբլը՝ կատարելով կոմիտասյան և ժողովրդական մշակումներ:
Ավելացնենք, որ մեր ցուցադրությանը մասնակցում են նաև Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաները: Միաժամանակ, այդ օրը կանցկացնենք ցուցահանդես-վաճառք`ձեռագործ բարձեր և երեխաների ձեռքով պատրաստված ամանորյա խաղալիքներ, որի հասույթը կուղղենք մեր՝ հատուկ կարիքներ ունեցող սաներին՝ Ամանորին ընդառաջ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 20-ը, մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ Մուղդուսյան արվեստի կենտրոնը հիմնադրվել է 2014 թվականին, մի խումբ երազողների կողմից՝ Երևանում: Հիմնական նպատակն է եղել ստեղծել կենտրոն, որը բաց կլինի ու ազատ` արվեստին վերաբերող բոլոր նախաձեռնությունների համար, ինչպես նաև կիրականացնի կրթական գործառույթ՝ ներգրավելով հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Վերջիններս մեր կենտրոնի կողմից անցկացվող դասերին հաճախում են անվճար հիմունքներով: Առանձին դեպքերում հոգում ենք նաև նրանց ճանապարհածախսը՝ քաղաքացիական դրամահավաքների շնորհիվ:
2015 թ. կենտրոնն ստեղծել է նաև Նաիրյան վոկալ անսամբլը, խումբը պրոֆեսիոնալ է, երգում են բազմաձայն, ակապելլա:
Կենտրոնը չունի ֆինանսավորում, այն գոյատևում է անձնական նվիրատվությունների և, իհարկե, հրաշքի շնորհիվ: