Ալեքսիս Օհանյանը ելույթ կունենա իր «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսին

  • 08-10-2019 18:00:00   | Հայաստան  |  

Առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանվում գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը: Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:
 
Նախաձեռնության հեղինակը «Կարապ» ընկերությունն է: «Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 18:00, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում:  
 
«Սա իսկապես մեծ իրադարձություն է Հայաստանի գործարար ոլորտում՝ թե՛ ստարտափների, թե՛ կայացած բիզնեսների համար և թե՛ բոլոր նպատակասլաց մարդկանց համար: Ալեքսիս Օհանյանի այս գիրքը հաջողության հասնելու իսկական ուղեցույց է: Գրքի շնորհիվ բազմաթիվ մարդիկ կծանոթանան նրա գաղափարներին այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու»,-նշում է «Կարապ» ընկերության հիմնադիր, «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
 
Հատկանշական է, որ գրքի լույսընծայումը համընկնում է Օհանյանի՝ Հայաստան այցի հետ, և հեղինակը սիրահոժար համաձայնել է ոչ միայն պարզապես ներկա գտնվել շնորհանդեսին, այլև մոտ 20 րոպեանոց ոգեշնչող ելույթով հանդես գալ:
 
Նշենք, որ գիրքն անգլերենից թարգմանել է Աննա Միրզոյանը:
 
Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Նրա ապուպապն ու ապուտատը Խարբերդից և Բիթլիսից էին: Ցեղասպանությունից փախչելով՝ նրանք մեկնել էին ԱՄՆ, որտեղ և հաստատվել էին: Համատեղ կյանքի տարիների ընթացքում նրանք 4 երեխա ունեցան՝ Վերան, Ջոնը, որը Ալեքսիսի պապն էր, Էլզան ու Մերին:
 
Օհանյանին կոչում են «Արևելքի դեսպան» նրա Y Combinator կազմակերպության համար: Նա նաև մոտիկից ծանոթ է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ, և Ամերիկայում Ալեքսիսին անվանում են «Հայ Ցուկերբերգ»:
 
Կարիերայում հաջողության հասնելով՝ Ալեքսիսն իր ուշադրությունը դարձրեց ավելի գլոբալ խնդիրների վրա: Մի քանի տարի առաջ նա Հայաստանում իր մի քանի համախոհների հետ կազմակերպեց առաջին TEDx Yerevan սեմինարը, որի շրջանակում հայտնի մարդիկ գաղափարներ էին կիսում այն մասին, թե ինչպես աշխարհն ավելի լավը դարձնել:
 
Համաշխարհային խոշորագույն 100 ինտերնետ կայքերի ցուցակում հայտնված Reddit-ից բացի, Օհանյանը նաև մի քանի ուրիշ հաջողված նախագծեր ունի: 2010 թվականին նա մասնակցել է ճանապարհորդությունների մասին պատմող Hipmunk կայքի գործարկմանը: Բացի այդ, դարձել է Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիրը:
 
Ալեքսիս Օհանյանը հպարտանում է իր հայկական արմատներով և պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, և ոչ միայն:
  -