Համացանցի օգտատերերին գերած Աննա Եգոյանը Երևանում ստեղծագործական երեկո կունենա

04-10-2019 20:00:00   | Հայաստան  |  
Համացանցի բազմաթիվ օգտատերերին իր ինքնատիպ ձայնով ու արտաքին տեսքով գերած բանաստեղծուհի, ասմունքող Աննա Եգոյանը Երևանում ստեղծագործական երեկո կունենա: «Զգացմունքների բարձրակետ» խորագիրը կրող մտերմիկ երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում:
 


Հանդիսատեսը երկու ժամ կգտնվի սիրո և ռոմանտիկ տրամադրության յուրատեսակ մթնոլորտում, իսկ երեկոյի ավարտին կկարողանա անձամբ հաղորդակցվել նրա հետ:
 
«Այս երեկոյի ընթացքում կհնչեն բազում նոր բանաստեղծություններ, այդ թվում՝ հայերեն ստեղծագործություններ: Այնպես որ՝ անհամբեր սպասում եմ այդ օրվան և ձեզ հետ հանդիպմանը»,-նշում է Աննա Եգոյանը:
 
Հավելենք, որ Աննա Եգոյանը սիրված ասմունքող է ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ հետխորհրդային տարածքում:
Նա գերել է իր հետևորդներին ոչ միայն բանաստեղծությունների հուզական ընթերցմամբ, այլև մեծ ու գեղեցիկ աչքերով։
 
10-11 դասարաններում Աննան մասնակցել է ասմունքողների դպրոցական մրցույթներին։ Հենց այն ժամանակ էլ հասկացել է, որ պոեզիան իրեն անչափ շատ է դուր գալիս։ Առաջին բանաստեղծությունը գրել է 14 տարեկանում:
 
Սկզբում Աննան տեսանյութերը նկարահանում էր պարզապես իր համար, բայց որոշ ժամանակ անց հասկացել է, որ մարդկանց դուր է գալիս նրա ասմունքը։ Դրանից հետո նա սկսել է տարբեր բանաստեղծություններ ընթերցել և հրապարակել
տեսանյութերը։
 
Աննան ապրում է Ռուսաստանում, բայց մշտապես կապ է պատպանում հայրենիքի հետ։ Ի դեպ, նրա ամենասիրելի հայ հեղինակներն են Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Թումանյանը: Դեմ չէր լինի նաև ընթերցել հայ ժամանակակից հեղինակների գործեր:
 
Այս տարի Աննան առաջին անգամ խաղացել է նաև կինոյում. նա նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպի հիման վրա ստեղծված համանուն հեռուստասերիալում: 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 1123 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին