Փշատավան համայնքում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» գյուղական կենցաղավարության, արհեստների և արվեստի երկրորդ փառատոնը

  • 29-09-2019 12:00:00   |   |  
 
Սեպտեմբերի 29-ին ժամը 12։00-ից 20։00-ն Արմավիրի մարզի Փշատավան համայնքում տեղի կունենա  «1000 տարվա գյուղամեջ» գյուղական կենցաղավարության, արհեստների և արվեստի երկրորդ փառատոնը, որի նպատակն է  զբոսաշրջության միջոցով նպաստել Փշատավան համայնքի զարգացմանը։ 
 
Փառատոնին իրենց մասնակցությունն են ունենալու ՀՀ Արմավիրի մարզպետարանի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, պատգամավորներ, մշակութային, հասարակական գործիչներ։ 
 
«1000 տարվա գյուղամեջ»-ը Փառատոնների հայկական ասոցիացիայի անդամ է, իրականացվում է  ասոցիացիայի աջակցությամբ և Փշատավանի համայնքապետարանի հովանավորությամբ՝ հեղինակ – կազմակերպիչ Կարինե Փանոսյանի և Փշատավանի երիտասարդական նախաձեռնության համակարգող Լիլիթ Գրիգորյանի կողմից։
 
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ժամը 12։00 –ին, որն ուղեկցվելու է  հայկական ավանդական դիմակահանդեսով՝ նվիրված Թումանյանի 150 ամյակին, այնուհետև ներկայացվելու է ավանդական կոխի ցուցադրություն, ելույթ  է  ունենալու ՀՀ վաստակավոր արտիստ, փահլևան Վլադիմիր Հակոբյանը։ 
 
Մինչ բացման արարողությունը  ժամը 11-ից համայնքում մեկնարկելու է ծանրամարտի մրցաշար, որի ժամանակ ցուցադրական ելույթով ներկայանալու է Դյութազնագրքի հերոս Գևորգ Աֆրիկյանը, ով նաև  սահմանելու է  նոր ռեկորդ՝  հենում - ծալում վարժությունը կատարելով բութ և ճկույթ մատներով։
 
Այնուհետև հյուրերը շրջելու են գյուղում՝ մասնակից դառնալու իրադարձություններին։
 
 «1000 տարվա գյուղամեջ»-ը մյուս փառատոններից տարբերվում է  իր ձևաչափով, քանի որ տաղավարները  տեղադրված են ոչ թե հրապարակում, այլ բնակիչների բակերում։ Հյուրերը ոչ միայն դիտում են, այլ նաև մասնակցում․ բակերում իրականացվում են վարպետության դասեր։ 
 
Բակերն անվանական են և յուրաքանչյուրում տեղի է  ունենում մեկ կամ մի քանի իրադարձություն․ « Դարբնոց », « Թոնրատուն » , « Մեղրի բակ » , « Նկարչության բակ », « Երաժշտական բակ » (Նվիրված է Կոմիտասի 150- ամյակին), « Կավագործության, կերամիկայի և խաչքարագործության բակ», « Կարուձևի բակ », « Բրդի վերամշակման և գորգագործության բակ », « Տիկնիկագործության և տոնածիսական բակ», « Գրականության բակ », « Գինու և օղու թորման բակ », « Թանգարանային բակ- ցուցադրական պեղումներ», « Թատերական բակ »։ 
Գործելու են․  լուսանկարչության տաղավար՝  ազգային մոտիվներով կահավորված, սրճարաններ, հուշանվերների սրահ։ 
 
Հյուրերի համար գյուղի հրապարակում գործելու է  տեղեկատվական կենտրոնը, որին մոտենալով հյուը ստանալու է  հակիրճ տեղեկատվություն իրադարձության մասին, քարտեզ և տեղեկատվական թերթիկ։  Այնտեղ բնակիչ երիտասարդները  ցանկության դեպքում մատուցելու են նաև գիդ- էքսկուրսավարի ծառայություն՝ խմբերի համար։
 
Փողոցներում տեղադրված են լինելու ուղղորդող ցուցանակներ։ Գյուղի հրապարակում՝ քարտեզ։
 
Երեկոյան նախատեսվում  է  համերգային ծրագիր  հայկական ազգային երաժշտական խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։ 
Կազմակերպիչները հոգում են լրագրողների  Երևան-Փշատավան և հակառակ ուղղությամբ երթուղին։ 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել կազմակերպիչներին։ 
Կամ գրել փառատոնի ֆեյսբուքյան էջին։ 
 
 Լիլիթ Գրիգորյան 
Հեռ․ 077-38-16-06
Էլ․ հասցե՝  lilitgrig94@gmail.com
 
Կարինե Փանոսյան
                                                                                                                                                         Հեռ․  093-92-61-71
    091-91-61-71
                                                Էլ․ հասցե՝   karine.panosian.am@gmail.com
 
 
 
 
 
  -