Դեսպան Ռուբեն Կարապետեանը իր հաւատարմագրերն է յանձնել Պորտուգալիայի նախագահին


Դեսպան Ռուբեն Կարապետեանը իր հաւատարմագրերն է յանձնել Պորտուգալիայի նախագահին

  • 17-10-2011 12:09:15   |   |  Քաղաքական

Հոկտեմբերի 11-ին համատեղութեան կարգով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետեանը իր հաւատարմագրերն է յանձնել Պորտուգալիայի Հանրապետութեան նախագահ Անիբալ Կաւակոյ Սիլվային: Յանձնման պաշտօնական արարողութեանը հետեւած զրոյցի ընթացքում դեսպան Կարապետեանը Պորտուգալիայի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի բարեմաղթանքներն ու Հայաստան այցելելու հրաւէրը: Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են երկկողմ յարաբերութիւնների յետագայ զարգացումը եւ դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղութեամբ գործուն քայլերի ձեռնարկումը: Պորտուգալիայի նախագահն անդրադարձել է հայ-պորտուգալական պատմական առնչութիւններին` մասնաւորապէս ընդգծելով Գ.Գիւլբենկեանի գործունէութեան ու նրա թողած ժառանգութեան դերը Պորտուգալիայի համար: Պորտուգալիայ այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել ԱԳՆ արտաքին քաղաքականութեան հարցերով գլխաւոր տնօրէն Անտօնիոյ դէ Ալմեյդայ Ռիբէյրոյի, Էկոնոմիայի ու աշխատանքի հարցերով պէտքարտուղար Անտօնիոյ Ալմեյդայ Էնրիկեսի, Պորտուգալիայի վարչապետի գլխաւոր դիւանագիտական խորհրդական Պաուլոյ Վիզէու Պինեյրոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկուել են հայ-պորտուգալական տնտեսական կապերի խթանման, ինչպէս նաեւ փոխայցելութիւնների իրականացման հետ կապուած մի շարք հարցեր: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, այցի շրջանակներում դեսպան Ռուբեն Կարապետեանը այցելել է Գ.Գիւլբենկեան թանգարան ու ծաղկեպսակ դրել մեծանուն հայի յուշարձանին:
  -   Քաղաքական