Ու՞մ համար է ոչնչացւում Ուսանողական այգին


Ու՞մ համար է ոչնչացւում Ուսանողական այգին

  • 19-10-2011 15:18:11   | Հայաստան  |  Հասարակութիւն

«Մե՛նք ենք այս քաղաքի տէրը» քաղաքացիական նախաձեռնութեանը յայտնի է դարձել, որ Ուսանողական այգում Տէրեան փողոցի կողմից կառուցուող հսկայական շինութիւնը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի թիկնազօրի պետ Վաչէ Ղազարեանի կնոջը` Ռուզաննա Բեգլարեանին: «Ըստ ՀՀ Արդարադատութեան նախարարութեան իրաւաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալութեան տեղեկանքի (առդիր), Ռուզաննա Բեգլարեանը Ուսանողական այգին կառուցապատող «Արմեն» Սպը-ի հիմնադիրն է դարձել 2009թ.-ին: Այդ նոյն ժամանակահատուածում այգում մեծ թափ սկսեցին ստանալ ծառահատումներն ու շինարարութիւնը: Տարիներ շարունակ այգու տարածքում գործող թեթեւ սրճարանը դարձել է մի քանի յարկանի բետոնապատ շինութիւն` գրաւելով մօտ երկու անգամ աւելի մեծ տարածք, քան Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրուած ճարտարապետայատակագծային առաջադրանքում նշուած մակերեսը: Չնայած որ սրճարանը կառուցւում է պատմամշակութային յուշարձանների պահպանութեան գօտում, այն սահմանուած կարգով չի համաձայնեցուել ՀՀ մշակոյթի նախարարութեան հետ: Կառուցապատման արդիւնքում խախտուել են քաղաքացիների առողջ եւ բարենպաստ շրջակայ միջավայրում ապրելու ու հանգստի սահմանադրական իրաւունքները, ՀՀ մի շարք օրէնքների պահանջներ ու միջազգային պարտաւորութիւններ: ՀՀ նախագահի, գլխաւոր դատախազի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից անտեսուել են 20.000 քաղաքացիների կողմից նրանց ուղղուած դիմումները, ՀՀ բոլոր ատեանների դատարանները մերժել են 116 քաղաքացիների հայցը: ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է նաեւ քննութեան առնել «Մե՛նք ենք այս քաղաքի տէրըէ քաղաքացիական նախաձեռնութեան ներկայացուցիչների դիմումը: Այս բացայայտմամբ պարզ դարձաւ` ում հովանաւորութեան պատճառով էր, որ ՀՀ քաղաքացիներին չյաջողուեց օրինական հիմքերով եւ եղանակներով կանխել Ուսանողական այգու ոչնչացումը: Փաստօրէն, ՀՀ նախագահը դարձել է Երեւանում հանրային տարածքների գրաւման ու անօրինական կառուցապատումների փաստացի «Տանիք»,- ասուած է «Մե՛նք ենք այս քաղաքի տէրը» քաղաքացիական նախաձեռնութեան հոկտեմբերի 19-ի յայտարարութիւնում:
  -   Հասարակութիւն