Գիւմրիում կը կայանայ Խաղաղութեան եւ զարգացման միջազգային կենտրոնի բացման արարողութիւնը


Գիւմրիում կը կայանայ Խաղաղութեան եւ զարգացման միջազգային կենտրոնի բացման արարողութիւնը

  • 21-10-2011 13:22:33   |   |  Հասարակութիւն

Հոկտեմբերի 25-ին, Հայաստանում Իտալիայի պատուոյ հիւպատոսութեան հիմնադրման 10-րդ, Իտալիայի Միասնութեան 150-րդ եւ Հայաստանի անկախութեան 20-րդ տարեդարձի առթիւ, Գիւմրիում կը կայանայ Խաղաղութեան եւ զարգացման միջազգային կենտրոնի բացման արարողութիւնը : Կենտրոնի հիմնական նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր մշակութային փոխադարձ շփումների, մշակութային տարբեր ինքնութիւնների միջեւ ազատ երկխօսութեան ծաւալման, փոխճանաչողութեան եւ փոխըմբռնման համար` յատկապէս կարեւորելով Կովկասեան տարածաշրջանի, ինչպէս նաեւ` թուրքական մշակութային ինստիտուտների ընդգրկումը այս գործընթացում: Կենտրոնի այլ ծրագրերի մէջ են նաեւ տարբեր տիպի կրթական եւ մասնագիտական պատրաստութիւնը, լեզուների ուսուցումը, մտաւորական տուրիզմի խթանումը եւ պատմա-մշակութային ժառանգութեան վերանորոգութիւնն ու վերարժեւորումը: Պատուոյ հիւպատոս Անտօնիոյ Մոնտալտօն առաջին անգամ Հայաստան է ժամանել 1988 թ.-ի երկրաշարժից անմիջապէս յետոյ: Լինելով մասնագիտութեամբ բժիշկ, տարիներ շարունակ աշխատել է հիմնականում առողջապահութեան ոլորտում` ի գործ բերելով մայրութեան եւ մանկանց խնդիրներին վերաբերող ծրագրեր: Վերջին ժամանակներին նա ուշադրութիւնն առաւել ուղղել է դէպի մասնագիտական պատրաստութեան բնագաւառը` յատկապէս տուրիզմի կազմակերպման եւ արհեստների (խեցեգործութիւն, գորգագործութիւն) խթանման գործում կայուն աշխատատեղերի ստեղծման մտահոգութեամբ : Խաղաղութեան եւ զարգացման միջազգային կենտրոնի հիմնադրումը ներգծւում է աւելի լայն ծրագրի շրջանակներում, որն է` Գիւմրու պատմական կենտրոնի նիւթական եւ հոգեւոր վերագնահատումը: Ըստ Գիւմրիում Իտալիայի պատուոյ հիւպատոսութեան մամլոյ հաղորդագրութեան, բացման արարողութեան ընթացքում պարոն հիւպատոսը կ'անցկացնի մամլոյ ասուլիս :
  -   Հասարակութիւն