Ծաւալապաշտութիւնը խախտում է հաւասարակշռութիւնը


Ծաւալապաշտութիւնը խախտում է հաւասարակշռութիւնը

  • 27-10-2011 17:40:26   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 26 հոկտեմբերի Այս վերջին տարիներում եթէ հետեւած լինենք թերթերին, միջազգային մամուլին եւ ընդհանրապէս զանգւածային լրատւամիջոցներին, Թուրքիային վերաբերող լուրերի ու վերլուծութիւնների մասին միշտ խօսւում է, թէ Թուրքիան գնալով դառնում է ուժեղ երկիր, Թուրքիան յաջող երկիր է՝ իր արտաքին քաղաքականութեան մէջ, Թուրքիան ձգտում է դառնալ հզօր պետութիւն եւ այլն, բայց տեսնենք, թէ այս հզօրանալն ու արտաքին քաղաքականութեան մէջ յաջողելու մասին խօսքերը որտեղից եկան եւ արդեօք դա կարո՞ղ է երկար տեւել թէ՝ ոչ: Քաղաքական զանազան փորձագէտներ ու վերլուծաբաններ տարբեր կարծիքներ ունեն այդ մասին, բայց այն, ինչ որ պատճառ է դարձել, որ Թուրքիան աւելի ակտիւ քաղաքականութիւն ունենայ եւ տարածաշրջանում աւելի խօսւի նրա մասին, կարելի է այսպէս բանաձեւել: * ԱՄՆ-ի քաղաքականութիւնը Միջին Արեւելքում յաջող չի ընթանում, Աֆղանստանի հարցով տեռորիզմի դէմ պայքարի մէջ շատ էլ յաղթական չէ, Իրաքում չունեցաւ իր սպասւած արդիւնքը, հարկ եղած ազդեցութիւնը չունի Իսրայէլի վրայ իր քաղաքականութիւնների գործադրման համար, Արաբական աշխարհի այս ընդվզումների շրջանում եւս ԱՄՆ-ն փորձում է ճնշումներ բանեցնել այդ երկրների վրայ՝ դէպի աւելի ժողովրդավարութեան հաստատման, որոնք շատ էլ դուրեկան չեն արաբական երկրների համար, միւս կողմից ԱՄՆ-ն տարածաշրջանում կարիք ունի դաշնակցի եւ մի երկրի, որ իր քաղաքականութիւնների լրացուցիչը լինի Միջին Արեւելքում: * Տարածաշրջանի արաբական երկրները արտաքուստ ուժեղ, բայց ներքուստ թոյլ երկրներ են. դրանք բռնատիրական պետութիւններ են, որ չունեն ներքին ամուր պայմաններ ու խաղաղութիւն: * Եւրոմիութեանը Թուրքիայի կողմից ներկայացւած դիմումը (Թուրքիան 1987 թւականին դիմում ներկայացրեց անդամակցելու Եւրոմիութեանը, բայց այդ դիմումի գծով պաշտօնական բանակցութիւնները սկսւեցին 2005 թւականից), շատ է ձգձգւում: Թուրքիան դա տեսնելով՝ փորձում է նաեւ Արեւմուտքի փոխարէն՝ Արեւելքում՝ Միջին Արեւելքում եւ արաբական երկրներում ազդեցութեան գօտին տարածել եւ բարեկամական յարաբերութիւնների մէջ մտնել իր հարեւան երկրների հետ: Նաեւ պէտք է նշել, որ Թուրքիայում ներկայում գործի գլուխ են մի շարք իշխանաւորներ, որ միահամուռ եւ միակամ են իրենց գործունէութեան եւ նպատակների մէջ: * * * Վերում նշւած պատճառները մի շարք ազդակներ էին, որ պատճառ են դարձել՝ Թուրքիայի աստղը փայլի, այսինքն՝ ԱՄՆ-ի մի շարք ձախողութիւնները՝ տարածաշրջանում, արաբական երկրների թուլութիւնը եւ դրան աւելացնենք նաեւ այն, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է ու ՆԱՏՕ-ի անդամ եւ նրա աշխարհագրական դիրքը նրան վերածել են մի երկրի, որ էներգիայի (գազի ու նաւթի) տարանցման խաչմերուկն է... Սակայն, միջազգային քաղաքականութեան մէջ գոյութիւն ունի մի կարեւոր սկզբունք, որին հետեւում են բոլոր երկրները, եւ դա ուժերի հաւասարակշութեան սկզբունքն է: Այս տարածաշրջանում եթէ որեւէ երկիր փորձում է աւելի ծաւալապաշտ լինել ու խախտել հաւասարակշռութիւնը, միւս երկրները փորձում են ստեղծել կամ վերականգնել խախտւած հաւասարակշռութիւնը. օրինակ՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղադրումը պատճառ դարձաւ Իրանի ու Ռուսաստանի խիստ քննադատութեանը: Եթէ Թուրքիան փորձի նոյն ձեւով շարունակել իր ընթացքը, հաւանաբար չկարողանայ լաւ յարաբերութիւններ պահպանել շրջանի երկրների հետ (արդէն լաւ չեն Թուրքիայի յարաբերութիւնները՝ Յունաստանի, Կիպրոսի, Իսրայէլի ու Սիրիայի հետ եւ անլոյծ է մնացել Հայաստանի հետ յարաբերութիւններ ստեղծելու հարցը) եւ տագնապներ կունենայ Միջին Արեւելքի երկրների հետ իր յարաբերութիւնների խնդրում. արաբական երկրները կը սկսեն չվստահել Թուրքիային, եւ շրջանում կը ստեղծւի նոր հաւասարակշռութիւն եւ Թուրքիան ստիպւած կը լինի ենթարկւելով այդ ուժերի հաւասարակշռութեան սկզբունքին՝ նահանջներ արձանագրել իր քաղաքականութիւնների մէջ: ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը