Տիգրան Սարգսեան. «Երիտասարդները պէտք է կերտեն այն հայրենիքը, որի մասին երազում ենք»


Տիգրան Սարգսեան. «Երիտասարդները պէտք է կերտեն այն հայրենիքը, որի մասին երազում ենք»

  • 11-11-2011 10:29:05   | Հայաստան  |  Հասարակութիւն

Նոյեմբերի 10-ին Թաթայ Սիմոնեանի համերգով մեկնարկեց Երիտասարդութեան համաշխարհային օրուան եւ Ուսանողութեան միջազգային օրուան նուիրուած համերգաշարը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Հայաստանի հանրապետական կուսակցութեան երիտասարդական կազմակերպութիւնը: Համերգին ներկայ էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Նա ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցութեան եւ իր անունից շնորհաւորեց երիտասարդներին տօների առթիւ` նշելով, որ երիտասարդները մեծ ուժ են, եւ այդ ուժի համախմբումը մեր երկրին կը բերի մեծ նուաճումներ: ՀՀ վարչապետը նշեց, որ երիտասարդները պէտք է կերտեն այն հայրենիքը, որի մասին երազում ենք: ՀՀԿ երիտասարդական կազմակերպութեան ղեկավար, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարէն Աւագեանը, երիտասարդական տօների առթիւ իր շնորհաւորական խօսքում նշեց, որ երիտասարդութիւնը եղել եւ մնում է մեր երկրի շարժիչ ուժը: Պետութիւնը երիտասարդութեան հոգեւոր եւ ֆիզիկական զարգացումը դիտում է որպէս հասարակական մեծ արժէք: Նա կոչ արեց երիտասարդներին օգտագործել սովորելու, գիտելիք կուտակելու իրենց ընձեռուած տարիները: «Կրթութեանը յատկացուած ամէն վայրկեանը վաղուայ ձեր բարեկեցիկ ապագայի լաւագոյն գրաւականն է: Գիտելիքն ու իմացութիւնը կառուցելու են ձեր բարեկեցիկ ապագան: Մեզ անհրաժեշտ է խելացիների հասարակութիւն, որպէսզի կառուցենք մեր երազած պետութիւնը: Ո՞վ պէտք է նպաստի մեր երկրի զարգացմանը, եթէ ոչ անսպառ աւիւնով, գաղափարներով ու երազանքներով լեցուն երիտասարդը»,- ասաց Կարէն Աւագեանը: Անդրադառնալով մարզաբնակ երիտասարդների հիմնախնդիրներին` Կարէն Աւագեանը ընդգծեց, որ դրանց լուծումը պետական երիտասարդական քաղաքականութեան առաջնահերթութիւններից է: «Մարզային համայնքներում երիտասարդութեան համար նախատեսուած ծրագրերի առաջնային նպատակը տեղեկատուութեան ապահովումն է, քանի որ մարզաբնակ երիտասարդութեան մի ստուար զանգուած ընդհանրապէս տեղեկացուած չէ եւ դուրս է մնում իր համար իրականացուող ծրագրերից: Նրանք չգիտեն այն հնարաւորութիւնների մասին, որոնցից կարող են օգտուել: Իսկ հնարաւորութիւնները բազմաթիւ են: Մասնաւորապէս, արդէն երկրորդ տարին է, կառավարութեան կողմից իրականացւում է «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներինէ նպատակային սոցիալական ծրագիրը: Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի նախընտրական ծրագրում ընդգրկուած այս հարցի` երիտասարդներին մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարաւորութեան ընձեռմամբ լուծւում են մի քանի խնդիրներ: Ծրագիրը խթանում է ամուսնութիւնները, նպաստում ծնուող երեխաների թուի աւելացմանը, ինչպէս նաեւ երիտասարդին կապում իր բնակավայրի հետ»,- նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպութեան ղեկավարը` իր ելոյթն ամփոփելով Գարեգին Նժդեհի խօսքերով. «Բաւական չէ հիացական վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ անցեալ սերնդի հանդէպ, պէտք է գերազանցել նրան: Հէնց սա է կեանքի առաջադիմութեան օրէնքը»: Ըստ հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան մամլոյ հաղորդագրութեան, ՀՀԿ երիտասարդական կազմակերպութեան եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համերգների շարքը կը շարունակուի նոյեմբերի 15-ին. Գաբրիէլ Սունդուկեանի անուան թատրոնում ռոքի սիրահարները կարող են ունկնդրել «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռէինկարնացիա» խմբերին: Նոյեմբերի 17-ին` Ուսանողների միջազգային օրը, «Արամ Խաչատրեան» համերգասրահում կը հնչի Արամ Խաչատրեանի Ջութակի կոնցերտը` Հայաստանի պետական երիտասարդական նուագախմբի կատարմամբ (մենակատար` Նիկոլայ Մադոյեան, խմբավար` Սերգեյ Սմբատեան): Իսկ նոյեմբերի 20-ին Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը տեղի կ'ունենայ հեղինակային երգի երեկոյ:
  -   Հասարակութիւն