ՆԱՏՕ-ի հրթիռային հարձակման սպառնալիքի վաղ զգուշացման ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) տեղակայվելու է Թուրքիայի տարածքում


ՆԱՏՕ-ի հրթիռային հարձակման սպառնալիքի վաղ զգուշացման ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) տեղակայվելու է Թուրքիայի տարածքում

  • 05-12-2011 16:07:59   | Հայաստան  |  Յօդուածներ

Ս.թ. սեպտեմբերի 2-ին Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելչուք Ունալը հայտնեց, որ ՆԱՏՕ-ի հրթիռային հարձակման սպառնալիքի վաղ զգուշացման ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) տեղակայվելու է Թուրքիայի տարածքում` հիշեցնելով, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման մասին որոշումն ընդունվել է նախորդ տարվա նոյեմբերին Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ. «ՆԱՏՕ-ն պլանավորում է վաղ զգուշացման ՌՏԿ տեղակայել մեր երկրում։ Դա կամրապնդի ՆԱՏՕ-ի պաշտպանական պոտենցիալը եւ մեր ազգային պաշտպանական համակարգը։ Թուրքիան ի սկզբանե աջակցել է այդ նախաձեռնությանը»։ Արդեն սեպտեմբերի 14-ին Թուրքիան եւ ԱՄՆ-ը Անկարայում ստորագրեցին Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՌՏԿ տեղակայման մասին հուշագիր։ Թուրքիայի կողմից հուշագիրը ստորագրել է փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, իսկ ԱՄՆ-ի կողմից` դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն։ Հուշագրում նշված է, որ ՌՏԿ-ն տեղակայվելու է երկրի արեւելյան հատվածում ընկած Մալաթիայի նահանգի Քյուրեջիքի շրջանում։ Այս հուշագրի կնքումից հետո թուրք-ամերիկյան ռազմական համագործակցությունը մեծ թափ հավաքեց, ինչը բնավ պատահական չէր` հաշվի առնելով, որ ըստ ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթի` Քյուրեջիքի ՌՏԿ-ի տեղակայումը վերջին 20 տարիներին Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ ռազմական համագործակցության շրջանակներում արված առավել նշանակալից նախագիծն է, եւ ամենանշանակալից քայլը` սկսած 2003 թվականի իրաքյան պատերազմից։ Թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության տեսանկյունից, մեծ կարեւորություն ունեն անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): Հայտնի է, որ արդեն երկար տարիներ Թուրքիան Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում հաջողությամբ գործածում է իսրայելական արտադրության Heron ԱԹՍ-ներ։ Ներկայումս, թուրք-իսրայելական ճգնաժամի պայմաններում, Թուրքիան քայլեր է ձեռնարկում ամերիկյան ԱԹՍ-ներ ձեռք բերելու, ինչպես նաեւ` սեփական արտադրության ԱԹՍ ստեղծելու ուղղությամբ: Քյուրեջիքի ՌՏԿ-ի վերաբերյալ թուրք-ամերիկյան հուշագրի կնքումից 3 օր առաջ` սեպտեմբերի 11-ին, թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով ամերիկյան The Washington Post թերթը, հայտնեցին, որ ԱՄՆ-ը դիտարկում է Թուրքիային Predator («Գիշատիչ») ԱԹՍ-ներ հատկացնելու հարցը: Արդեն սեպտեմբերի 24-ին թուրքական Radikal թերթը, գրեց, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը պայմանավորվել են Predator ԱԹՍ-ների տեղափոխման շուրջ։ Ըստ դրա` Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Predator-ները տեղափոխվելու են Թուրքիա, տեղակայվելու են երկրի հարավարեւելյան հատվածում ընկած Ինջիրլիքի ամերիկյան ավիաբազայում եւ հետախուզական նպատակներով գործածվելու են PKK-ի դեմ պայքարում։ Նոյեմբերի 1-ին Իսմեթ Յըլմազն իր ամերիկացի գործընկեր Լեոն Պանետայի հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ իր երկիրը ցանկանում է գնել ամերիկյան ԱԹՍ-ներ։ Նոյեմբերի 4-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը Կաննի` G-20-ի գագաթաժողովի շրջանակներում կես ժամանոց հանդիպում ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որում քննարկեց երկկողմանի ու տարածաշրջանային հարցեր, այդ թվում նաեւ Predator-ների հարցը: Նոյեմբերի 11-ին թուրքական Taraf թերթը գրեց, որ 4 ամերիկյան Predator-ներ արդեն իսկ անաղմուկ ժամանել են Ինջիրլիքի ավիաբազա։ Ըստ թերթի` դրանցից երկուսն Ինջիրլիք են ժամանել հոկտեմբերի 16-ին, իսկ մյուս երկուսը` հոկտեմբերի 23-ին: Թեեւ ամերիկյան հետախուզական սարքերը թռչելու են նաեւ թուրքական կողմի պահանջով, սակայն հետախուզության տվյալներն անմիջապես չեն հանձնվելու Թուրքիային, ինչպես նաեւ թույլ չի տրվելու, որ թուրքական անձնակազմը ղեկավարի դրանք։ Բացի այդ, Թուրքիային երաշխիքներ չեն տրվել, որ հետախուզության տվյալները չեն հանձնվելու երրորդ երկրի։ Թուրքիան իրավունք չունի դրանք գործածել երրորդ երկրի դեմ։ Ինջիրլիքում տեղակայված Predator-ների թռիչքները նախատեսված են նոյեմբերի 22-ից հետո, ինչը նշանակում է, որ PKK-ի համար սկսվում է ծանր ժամանակաշրջան: Նոյեմբերի կեսին Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարեց, որ Ինջիրլիքում տեղակայված 4 Predator-ները հետախուզական աջակցություն են ցուցաբերելու թուրքական բանակին իր հարավային սահմաններում PKK-ի դեմ պայքարում. «Թուրքիան երկար ժամանակ Predator-ների միջոցով հետախուզական տվյալներ է ստացել Հյուսիսային Իրաքում PKK-ի գործունեության վերաբերյալ։ Ներկայումս որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել այդ հարցում, պարզապես փոփոխվել է Predator-ների տեղակայման բազան. եթե նախկինում նրանք բազավորված էին Իրաքում, ապա այժմ` Թուրքիայում»։ Predator-ները, բարձրանալով Ինջիրլիքի ավիաբազայից, Սիրիայի օդային տարածության միջով ներթափանցելու են Իրաքի տարածք: Նրանց թռիչքի ընթացքին ԱՄՆ-ը հետեւելու է իր արբանյակների միջոցով: Predator-ների կատարած աերոլուսանկարներն առաջին հերթին հանձնվելու են ԱՄՆ-ին, ապա՝ Անկարայում գտնվող ամերիկյան շտաբին եւ նոր՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբին: Predator-ների ժամանումից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ իրավունք ունի այդ անօդաչու սարքերն օգտագործել քրդերի դեմ պայքարում: Իսկ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, իր հերթին, ընդգծեց, որ Predator-ների թռիչքները գտնվելու են թուրք զինվորականների վերահսկողության ներքո: Միեւնույն ժամանակ, Պենտագոնի ներկայացուցիչները հրաժարվեցին մանրամասներ ներկայացնել այդ համաձայնագրից: Այս ամենի հետ մեկտեղ Թուրքիան փորձում է ԱՄՆ-ից գնել Reaper տիպի անօդաչու հետախուզական ինքնաթիռներ, որոնք, Predator-ների համեմատ, առավել արագ են եւ հեռահար, ինչպես նաեւ մեծ է դրանց զինամթերքային ու հրթիռային բեռնվածությունը: Պենտագոնը հայտարարել է, որ դեմ չէ դրան, սակայն մի շարք կոնգրեսականներ չեն շտապում այս հարցում` հաշվի առնելով թուրք-իսրայելական հարաբերություններում տիրող իրավիճակը: Չպետք է մոռանալ, որ ԱԹՍ-ները հանդիսացել են Օբամայի վարչակազմի հակաահաբեկչական օպերացիաների հիմնական զենքն Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Եմենում ու Սոմալիում: Թուրքիային այդ ԱԹՍ-ների վաճառքի հարցում Պենտագոնի կողմ լինելը վկայում է, թե Վաշինգտոնն ինչպիսի կարեւոր տեղ է տալիս Անկարայի հետ իր հարաբերություններին: Դրա համար էլ պատահական չէ, որ նախքան Իրաքի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերումը, Predator-ներն արդեն իսկ հայտնվել են Թուրքիայում: Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Օբամայի վարչակազմը որոշել է Թուրքիային վաճառել AH-1W SUPER COBRA տիպի 3 ուղղաթիռ եւ այդ առաջարկով դիմելու է Կոնգրեսին։ Այդ ուղղաթիռները պատկանում են ամերիկյան ծովային հետեւակին եւ ծառայելու են PKK-ի դեմ պայքարին: Այս նախաձեռնությունը նույնպես պատահական չէ, քանի որ վերջին ամիսներին Թուրքիայի ռազմաօդային ուժերը մի քանի մարտական ուղղաթիռ են կորցրել քուրդ զինյալների դեմ պայքարում եւ նոր ուղղաթիռների կարիք են զգում: Նոյեմբերի սկզբին մի խումբ կոնգրեսականներ Կոնգրեսի դիտարկմանը ներկայացրին թիվ 83 բանաձեւը, որով Վաշինգտոնին կոչ էին անում զենք չվաճառել Թուրքիային։ Այդ բանաձեւով նախատեսվում էր արգելք դնել Թուրքիային 111 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան սպառազինության եւ մասնավորապես AH-1W SUPER COBRA տիպի 3 ուղղաթիռների վաճառքի վրա։ Կոնգրեսականները նշել էին, որ իրենց մտահոգում է Թուրքիայի բացասական դիրքորոշումը ԱՄՆ-ի դաշնակիցների նկատմամբ. «Թուրքիան սպառնում է Իսրայելին, շարունակում է օկուպացրած պահել Հյուսիսային Կիպրոսը, Հայաստանին ուժեղ շրջափակման է ենթարկել։ Անկարան այսպես է վերաբերվում մեր բարեկամների ու դաշնակիցների հետ, միեւնույն ժամանակ մեր ամենահայտնի թշնամիների հետ սերտ կապեր է հաստատել։ Թուրքիային զենք վաճառելիս Վաշինգտոնը պետք է հաշվի առնի այս մտահոգությունները»։ Սակայն այս նախաձեռնությունը տապալվեց. նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսը հավանության արժանացրեց Թուրքիային 111 միլիոն դոլարի սպառազինության վաճառքը: Պենտագոնը Թուրքիային սպառազինություն վաճառելու թույլտվության խնդրանքով հոկտեմբերի 28-ին դիմել էր Կոնգրեսին, որն էլ տվեց իր համաձայնությունը։ Ուղղաթիռները Թուրքիային հատկացվելու են հիմա, իսկ մնացյալ ռազմական տեխնիկան` առաջիկա մի քանի ամիսներին։ Մինչդեռ չպետք է մոռանալ, որ 2007 թվականին ԱՄՆ-ը հրաժարվել էր Թուրքիային վաճառել Cobra եւ Super Cobra ուղղաթիռներ: Հոկտեմբերի 31-ին` Վաշինգտոնում թուրք-ամերիկյան 30-րդ տարեկան խորհրդի ժամանակ, Իսմեթ Յըլմազը հայտարարեց, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը վերագտել են միմյանց եւ ապրում են բացառիկ ժամանակաշրջան` ընդգծելով, որ թուրքական ու ամերիկյան բանակներն աշխարհի տարբեր վայրերում կողք կողքի մասնակցում են աշխարհին սպառնացող տարածաշրջանային անկայունության դեմ մղվող ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի օպերացիաներին: Ըստ Յըլմազի` Թուրքիան ԱՄՆ պաշտպանական ոլորտում կարող է վերածվել լոգիստիկայի կենտրոնի` Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի ու մյուս շրջանների միջեւ: Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը համաձայնել է Թուրքիային հանձնել F-16 Fighting Falcon կործանիչների ծրագրային ապահովման ծածկագրերը։ Խոսքը F-16-ի թռիչքային համակարգն ու սպառազինությունն ամբողջովին վերահսկող համակարգչային ծրագրի մասին է: Դրա շնորհիվ թուրքական կողմը հնարավորություն է ստանում այդ ինքնաթիռների վրա տեղակայել հավելյալ սարքավորում եւ սեփական արտադրության սպառազինություն։ Թուրքական լրատվամիջոցներն անմիջապես գրեցին, որ այս համաձայնագիրը կնքվել է մոտ 2 ամիս առաջ, եւ որ սա աննախադեպ իրադարձություն է, քանի որ ԱՄՆ-ը նման կերպ չի վարվել աշխարհի եւ ոչ մի երկրի պարագայում: Նրանք ընդգծում էին, որ ցայժմ Lockheed Martin ընկերությունն արտադրել է F-16 տիպի 4200 ինքնաթիռ, որոնք առկա են աշխարհի 26 երկրների ռազմաօդային ուժերի սպառազինությունում, սակայն այդ երկրները, ներառյալ՝ Իսրայելը, իրենց սպառազինության մեջ առկա F-16 ինքնաթիռների արդիականացման համար անպայմանորեն պետք է դիմեին ԱՄՆ-ին, քանի որ իրենց արտադրած ռումբերը, հրթիռները եւ այլ բաղադրատարրերը չէին ճանաչվում F-16-երի համակարգչային ցանցի կողմից: Այժմ Թուրքիան հաղթահարեց այդ պատնեշը: Մի շարք փորձագետներ կարծում են, որ սա Քյուրեջիքի ՌՏԿ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի շնորհակալությունն է: Այժմ Թուրքիան ԱՄՆ-ին պատվիրել է 30 F-16 C տիպի ինքնաթիռ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 60 միլիոն դոլար: Դրանք ստանալուց հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերն իրենց սպառազինության մեջ կունենան մոտ 250 F-16, ինչով Թուրքիան կդառնա ԱՄՆ-ից հետո F-16-երի ամենամեծ բանակն ունեցող երկիրը: Սեպտեմբերի վերջերին թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ ԱՄՆ-ը Իրաքից սեփական զորքերի դուրսբերումից առաջ ցանկանում է լուծել այդ երկրում իր ստեղծած հետախուզական ցանցի գործունեության շարունակման հարցը, եւ այդ նպատակով ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունն (ԿՀՎ) ուշադրությունը բեւեռել է տվյալ տարածաշրջանում իր դաշնակիցների վրա։ Խոսքն առաջին հերթին Թուրքիայի եւ Քուվեյթի մասին է։ ԿՀՎ-ի ներկայացուցիչներն այցելել են Ինջիրլիք` դիտարկելու թուրքական տարբերակի հարմարավետությունը: Դա նշանակում է, որ ԿՀՎ-ն Իրաքին հետեւելու է Թուրքիայի տարածքից, ինչին կծառայեն Ինջիրլիք բերված նույն Predator-ները։ Թեեւ ԱՄՆ-ը մինչեւ տարեվերջ զորքերը դուրս է բերելու Իրաքից (չհաշված ամերիկյան դեսպանատան պաշտպանության նպատակով թողնվող ոչ մեծաթիվ զինվորական կոնտինգենտը), դա չի նշանակում, որ դրանով իսկ նվազում է նրա հետաքրքրությունը տվյալ երկրի նկատմամբ: Այս առումով Թուրքիան առավել է կարեւորվում ԱՄՆ-ի համար, որը մտահոգված է, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո առաջացած վակուումը կարող է լցնել Իրանը: Այս առումով ուշագրավ է հոկտեմբերի կեսին Դավութօղլուի հնչեցրած այն հայտարարությունը, թե վերջին 9 ամիսների ընթացքում Օբաման 11 անգամ զանգահարել է Էրդողանին: Հայկ Գաբրիելյան «Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ