Սերժ Սարգսեան. Իւրաքանչիւր անհաւասարակշիռ քայլ նպաստում է տարածաշրջանային փխրուն հաւասարակշռութեան եւ կայունութեան խախտմանը


Սերժ Սարգսեան. Իւրաքանչիւր անհաւասարակշիռ քայլ նպաստում է տարածաշրջանային փխրուն հաւասարակշռութեան եւ կայունութեան խախտմանը

  • 09-12-2011 15:51:05   | Հայաստան  |  Քաղաքական
Ադրբեջանը համառորեն փորձում է իսլամական երկրների շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնել կրոնական հակասությունների լույսի ներքո, ինչը Հայաստանը շատ վտանգավոր է համարում: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի հետ դեկտեմբերի 9-ի համատեղ ասուլում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա պարզաբանեց, որ կան հայ ժողովրդի պատմության եւ ԼՂ հակամարտութան պատճառներին անծանոթ շրջաններ, եւ նման հակահայկական քարոզչությունը կարող է անհետեւանք չանցնել: «Այս հարցում եւս կարեւոր է բարեկամ պետությունների անաչառ եւ անկողմնակալ կեցվածքը, քանզի յուրաքանչյուր անհավասարակշիռ քայլ նպաստում է տարածաշրջանային փխրուն հավասարակշռության եւ կայունության խախտմանը»,- ասաց Հայաստանի ղեկավարը, միաժամանակ նկատելով, որ , հայ ժողովրդի պատմության եւ նաեւ հակամարտութան պատճառներին քիչ, թե շատ ծանոթ լինելու դեպքում անհնար է հավատալ նման անհեթեթությանը: Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց բարեկամ Լիբանանին խորհրդարանական մակարդով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Իր լիբանանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում ՀՀ նախագահը հանձինս նախագահ Սուլեյմանի՝ շնորհակալություն է հայտնել նաեւ Լիբանանի կառավարությանը եւ քաղաքական վերնախավին ամեն տարվա ապրիլին Բեյրութում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացման գործում հայ համանքին աջակցելու համար: ՀՀ նախագահը բարձր է գնահատել Լիբանանում առկա եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ, ինչի արդյունքում հայ համայնքը լիարժեք մասնակցություն է բերում Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին, ինչպես նաեւ էլ ավելի է ամրապնդում Հայրենիքի հետ ունեցած իր կապերը՝ յուրօրինակ կամուրջ եւ օղակ հանդիսանալով երկու երկրների միջեւ: «Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը, որին Լիբանանի հյուրընկալ հողում արժանացան նրա բռնագաղթած հազարավոր զավակները: Ուստի պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները մշտապես սերտ ուշադրություն են հատկացրել արաբական աշխարհի հետ համագործակցության ընդլայնմանը, իսկ Լիբանանն այդ երկրների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում մեր համար»,- ասաց Սերժ Սարգսյանը, հավելելով, որ Հայաստանն ու Լիբանանը ամենաջերմ զգացումներն են տածում միմյանց հանդեպ, երկու ժողովուրդներին կապում են պատմամշակութային առնչություններն ու դարավոր բարեկամությունը: «Պատմության ընթացքում մենք հաճախ միասին դիմակայել ենք նույն բռնակալներին, կիսել միմյանց ցավերն ու ուրախությունը»,- ասաց ՀՀ նախագահը: Իր լիբանանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում, ըստ Սերժ Սարգսյանի, քննարկվել են հայ-լիբանանյան հարաբերությունների օրակարգը, զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ կարծիիքներ են փոխանակվել Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում զարգացումների վերաբերյալ: Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ երկու պետությունների միջեւ քաղաքական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչի վկայությունն են ակտիվ շփումները եւ բարձրաստիճան փոխայցերը: Կարեւորվել է Լիբանանի՝ որպես թե տարածաշրջանում, թե գլոբալ առումով Հայաստանի համար հուսալի գործընկեր հանդիսացող երկրի, հետ կանոնավոր քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը: Երկուստեք արձանագրվել է նաեւ, որ Լիբանանը եւ Հայաստանը իրենց հնարավորությունների շրջանակենրում մշտապես աջակցել են միմյանց միջազգային կառույցներում երկու բարեկամական երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերում եւ «կշարունակենք համագործակցել նույն փոխըմբռնման եւ փոխվստահության մթնոլորտում»: ՀՀ նախագահը վերահաստատվել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Լիբանանի հետ սերտ համագործակցության զարգացումը քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ մշակութակրթական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մյուս բոլոր ասպարեզներում: Դրան են ուղղված բազմաթիվ ոլորտներում երկու երկրների միջեւ ստորագրված շուրջ 3 տասնյակ փաստաթղթեր: «Եւ այսօր այդ ցանկը համալրվեց եւս 7 փաստաթղթերով, որոնց մեջ էական տեղ են զբաղեցնում տնտեսական համագործակցությունը կարգավորող պայմանագրերը»,- ասաց ՀՀ նախագահը, գոհունակություն հայտնելով ներդրումների ուղղությամբ վերջին շրջանում գրանցված առաջընթացի կապակցությամբ: Ըստ այդմ, Լիբանանը Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալով 5-րդն է, այդուհանդերձ, «մենք դեռեւս հեռու ենք մեզ բավարարող ցուցանիշներից, ուստի բանակցություններում կրկին անգամ հատուկ կարեւորվեց երկկողմ առեւտրի եւ ներդրումների խթանումը, երկու երկրների բիզնես շրջանակների միջեւ առավել սերտ կապերի հաստատումը»: ՀՀ ղեկավարը հույս հայտնեց, որ ընթացիկ տարվա մայիսին ստեղծված Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիան նոր թափ կհաղորդի առեւտրատնտեսական կապերի զարգացմանը: Հայաստանի նախագահն ընդգծեց, որ չափազանց լավատես է երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարների առումով, եւ վստահ է, որ համատեղ ջանքերով երկու երկրները առաջիկայում կարձանագրեն համագործակցության էլ ավելի խորացում եւ ամրապնդում՝ «ի հարատեւություն մեր ժողովուրդների բարեկամության»: Սերժ Սարգսյանը հայտնեց նաեւ, որ նախագահ Միշել Սուլեյմանից ստացել է Լիբանան պաշտոնական այց կատարելու հրավեր. «Բնական է, որ ես այդ այցը հաճույքով կկատարեմ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
  -   Քաղաքական