Սերժ Սարգսեան. Մենք պարտաւոր ենք պահպանել եւ խորացնել հայ-լիբանանեան համագործակցութիւնը բոլոր ոլորտներում


Սերժ Սարգսեան. Մենք պարտաւոր ենք պահպանել եւ խորացնել հայ-լիբանանեան համագործակցութիւնը բոլոր ոլորտներում

  • 09-12-2011 20:37:34   | Հայաստան  |  Քաղաքական

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի եւ տիկին Վաֆաա Սուլեյմանի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի փոխանցմամբ, ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ. «Մեծարգո՛ պարոն Նախագահ եւ տիկին Սուլեյման? Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Սիրով ողջունում եմ Հայաստանի բարեկամ Լիբանանի ղեկավարին, Լիբանանի առաջին տիկնոջը եւ մեր բոլոր հյուրերին: Ուրախ ենք այս գեղեցիկ երեկոն ձեր ընկերակցությամբ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում անցկացնելու համար: Թեպետ պարոն Սուլեյմանի հետ քանիցս հանդիպել ենք, բայց սա նրա առաջին այցն է հայերի հայրենիք, ինչի առթիվ նրան ցանկանում ենք բարի գալուստ: Առավել խորհրդանշական է, որ Լիբանանի Նախագահի այցելությունը տեղի է ունենում հենց այս տարի, երբ Հայաստանը տոնում է իր անկախ պետականության 20-ամյա հոբելյանը: 20 տարի առաջ հայերը վերականգնեցին իրենց անկախությունը, վերստին անդամակցելով միջազգային հանրության բազմանդամ ընտանիքին: Այն նաեւ առիթ հանդիսացավ հայերիս համար արդեն նոր որակի միջպետական հարաբերություններ հաստատելու մեր բարեկամ երկրների, այդ թվում Լիբանանի հետ, թեպետ մեր ժողովուրդների առնչությունները գալիս են հազարամյակների խորքից: Ըստ հռոմեական պատմիչների, դեռեւս մ.թ.ա. IV-III դարերում հայ առեւտրականները Սիդոնի եւ Տյուրոսի շուկաներն են բերել Հայաստանի գինին, մրգերը, որդան կարմիրը, իսկ մ.թ.ա. I դարում՝ Տիգրան Մեծ արքայի ժամանակներում վերաբնակեցումներն ու շփումներն էլ ավելի են ակտիվացել: Սելջուկյան արշավանքներից, ապա նաեւ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Լիբանանի քաղաքներում սկսեցին ձեւավորվել հայ համայնքները: 260 տարի առաջ հենց Լիբանանում է իր նստավայրը հաստատել Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը: Լիբանանի լեռների անառիկությունը գրավում էր Օսմանյան կայսրության ազատախոհներին, որոնց մեջ քիչ չէին նաեւ հայերը: Նրանք իրենց անուրանալի դերն են ունեցել Լիբանանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման համար մղվող պայքարում: Իսկ մեր ազգի պատմության ամենաօրհասական շրջանում Լիբանանը շատերի համար դարձավ փրկության փարոս, երբ Հայոց Ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր հայեր ապահով ապաստան գտան հյուրընկալ Լիբանանում: Ձեր երկրում տիրող ազատ քաղաքական, տնտեսական եւ մշակութային մթնոլորտը հնարավորություն տվեց հայկական ստվար համայնքին լիարժեքորեն ինտեգրվելու Լիբանանի հասարակական կյանքին եւ գործուն մասնակցություն ունենալու Լիբանանի զարգացմանը եւ բարգավաճմանը` միեւնույն ժամանակ վառ պահելով ազգային ինքնությունը: Ամենեւին պատահական չէ, որ հենց Լիբանանում են ձեւավորվել հայության ամենախոշոր հոգեւոր, մշակութային եւ կրթական կենտրոններից մի քանիսը, որոնք 20-րդ դարում կարեւոր նշանակություն ունեցան հայապահպանության գործում: Այստեղ է գտնվում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, աշխարհի բոլոր հայ կաթոլիկների կենտրոն Հայ կաթողիկե պատրիարքարանը, ինչպես նաեւ Սփյուռքի այնպիսի կառույցների կենտրոնատեղիներ եւ հաստատություններ, ինչպիսիք են Հայկազյան համալսարանը՝ սփյուռքում պետական ճանաչման արժանացած միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը, «Համազգային» մշակութային միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, Հայ մարզական միությունը եւ այլն: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Հայ-լիբանանյան կապերն ու հարաբերություններն ունեն կայուն եւ խորը հենասյուներ, քանի որ բոլոր մակարդակներում էլ միշտ եղել են բարեկամական եւ ջերմ: Տարբեր առիթներով բազմիցս հնչել է այն միտքը, որ հայ եւ լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ. մեր ժողովուրդների շփումը դարերի ընթացքում եղել է եղբայրական: Բեյրութը, Բուրջ Համմուդը, Այնջարը յուրաքանչյուրիս սրտում է: Մենք մշտապես անկեղծորեն ու սիրով կիսում ենք Լիբանանի ժողովրդի բոլոր ուրախությունները, եւ պատրաստ ենք թեւ ու թիկունք լինել բարեկամ ժողովրդին` իր դժվարությունների պահին: Դրա ապացույցները մենք տեսել եւ տեսնում ենք անցած եւ մեր օրերի պատմության փուլերում: Մենք սահմանակից հարեւան չենք, սակայն, ինչպես ասել է Լիբանանի մեծ որդին եւ հայ ժողովրդի բարեկամը, գրող Ջեբրան Խալիլ Ջեբրանը, ում հուշարձանը կանգնած է Երեւանի կենտրոնական պուրակներից մեկում. «Հեռու գտնվող բարեկամը երբեմն ավելի մոտ է քեզ, քան կողքինդ»: Այս ամենի խոսուն ապացույցն այսօր մեր միջեւ ակտիվ քաղաքական երկխոսությունն է, բազմաբովանդակ շփումներն ու բազմաոլորտ համագործակցությունը, ինչը դրսեւորվում է ինչպես պետական, այնպես էլ ժողովրդական մակարդակներում: Մեր երկարատեւ համագործակցությունը թե՛ երկկողմ հարթությունում, թե՛ միջազգային ասպարեզում հաստատում է, որ մենք ունենք հաստատուն, փոխշահավետ ու ներդաշնակ կապեր: Երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ այսօրինակ հարաբերությունների պահպանման եւ շարունակական զարգացման գործում մշտապես հուսալի կամուրջի դեր է կատարում լիբանանահայ համայնքը: Վստահաբար կարող եմ ասել, որ ունենալով երկկողմ հարաբերությունների այսչափ հարուստ ու բազմաշերտ հիմքեր, մենք պարտավոր ենք պահպանել եւ խորացնել մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում: Օգտվելով առիթից, մեծարգո պարոն Նախագահ, կրկին ջերմորեն ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Վստահ եմ, որ այս օրերին մեր կողմից քննարկված խնդիրների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները հետեւողականորեն կիրականացվեն՝ հանուն մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության հարատեւության: Թույլ տվեք բաժակ բարձրացնել՝ մաղթելով Լիբանանի Հանրապետության Նախագահին եւ տիկին Սուլեյմանին քաջառողջություն, հաջողություն եւ ամենայն բարիք, իսկ Լիբանանի ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն եւ հետագա բարգավաճում»:
  -   Քաղաքական