Հայաստանի ոստիկանութիւնը խոչընդոտում է բողոքի ակցիան Ռուսաստանի դեսպանատան մօտ


Հայաստանի ոստիկանութիւնը խոչընդոտում է բողոքի ակցիան Ռուսաստանի դեսպանատան մօտ

  • 10-12-2011 13:21:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի ոստիկանությունը խոչընդոտում է բողոքի ակցիան Ռուսաստանի դեսպանատան մոտ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, մի խումբ քաղաքացիներ ակցիա էին նախաձեռնել Ռուսաստանի դեսպանատան մոտ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ՌԴ-ում ընտրությունների կեղծման եւ ակտիվիստների ձերբակալությունների դեմ: Ոստիկանները նրանց արգելել են հավաքվել դեսպանատան մոտ` պատճառաբանելով, թե այդկերպ կխանգարեն դեսպանատան բնականոն աշխատանքը եւ ակցիայի մասնակիցները ստիպված են ակցիան անցկացնել դիմացի մայթից: Ցուցարարներից մեկը թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակը Ռուսաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում արդար ընտրությունների անցկացումն ու քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Ոստիկանները ոչ միայն փակել էին Ռուսաստանի դեսպանատան դիմացի հատվածը, այլ ամբողջ մայթը, արգելելով նաեւ պատահական մարդկանց ազատ տեղաշարժը: Նրանք նաեւ փորձել են արգելել լրագրողներին լուսանկարահանումներ անել: Բողոքի ակցիան անցկացվում է «Ազատ քաղաքացիներն ազատ քաղաքացիների համար» կարգախոսով: Նախօրեին տարածված հայտարարության մեջ ասված է. «Ինչպես եւ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող, սակայն ավտորիտար ռեժիմներ ունեցող շատ երկրներում, այնպես էլ Ռուսաստանում վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե որքան անպաշտպան է մարդը նման պայմաններում եւ ինչ է պատահում նրա հետ, երբ փորձ է արվում կազմակերպել բողոքի ակցիաներ` կեղծված ընտրությունների եւ երկրում տեղի ունեցող անօրինականությունների դեմ: Մենք` Հայաստանում նմանատիպ դրսեւորումների դեմ հանդես եկող քաղաքացիներս, մեր վրդովմունքն ենք հայտնում ժողովրդավարացման գործըթնացների ջատագովներին բանտերը նետելու քաղաքականության դեմ, անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունենում` Մոսկվայում, Կահիրեում, Մինսկում, թե Մոգադիշոյում: Պահանջում ենք ընդդիմության առաջնորդների եւ ընդդիմադիր հասարակական գործիչների անհապաղ ազատ արձակում, նրանց կողմից կազմակերպվող խաղաղ ցույցերի եւ երթերի թույլատրում, ինչպես նաեւ ազատ խոսքի դեմ սանձազերծված ապօրինի քաղաքականության դադարեցում»:
  -   Մամլո հաղորդագրություն