Տեղի ունեցաւ «Քուանտ» վարժարանի հետազօտական կենտրոնի բացումը


Տեղի ունեցաւ «Քուանտ» վարժարանի հետազօտական կենտրոնի բացումը

  • 10-12-2011 16:08:01   | Հայաստան  |  Հասարակութիւն
Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Քվանտ» վարժարանի հետազոտական կենտրոնի բացման արարողությունը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ վարժարանը հնարավորություն ունեցավ ավարտին հասցնելու հետազոտական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները, կահավորել այն, ձեռք բերել հետազոտական լաբորատոր սարքավորումներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ մասնագիտական գրականություն։ Նորաբաց հետազոտական կենտրոնում գործում են ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության գերժամանակակից լաբորատորիաներ, ինֆորմատիկայի լսարան։ Մասնավորապես, ֆիզիկայի լաբորատորիայի համար ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, որոնք լայն հնարավորություն են տալիս կատարելու ինչպես ցուցադրական, այնպես էլ բարդ հետազոտական փորձեր։ Լաբորատորիան հագեցած է էլեկտրոնային գրանցող չափիչ սարքերով, որոնք թույլ են տալիս չափել եւ գրանցել մարմինների շարժումը բնութագրող մեծություններ, ինչպես նաեւ էլեկտրական, ջերմային, օպտիկական եւ այլ բնութագրեր։ Լաբորատորիան զինված է նաեւ բարձր որակի օպտիկական սեղաններով, օպտիկական բարդ սխեմաներ հավաքելու համար անհրաժեշտ միջոցներով, մեխանիկայի նուրբ փորձեր կատարելու հնարավորություն տվող դինամիկ համակարգով, ինչպես նաեւ վակուումային սարքով, ինչը թույլ է տալիս իրականացնել փորձեր վակուումի պայմաններում։ Քիմիայի հետազոտական լաբորատորիան զինված է նյութերի տարատեսակ հատկությունները չափող եւ գրանցող սարքերով։ Այս սարքերից շատերն ունիվերսալ են, դրանք կարելի է օգտագործել ինչպես կենսաբանության, այնպես էլ ֆիզիկայի լաբորատոր աշխատանքների ժամանակ։ Ինչպես նշեց վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, գերժամանակակից այս լաբորատորիաները կնպաստեն աշակերտների կողմից ոչ միայն տեսական գիտելիքների լավ յուրացմանը, այլեւ փորձարարական հմտությունների ձեռքբերմանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շարունակելու է «Քվանտ» վարժարանի հետ համագործակցությունը։ Կարեն Ավագյանը կարեւորեց այն հանգամանքը, որ 2011թ. վարժարանը դարձել է հանրակրթության ոլորտում հայտնի միջազգային IB (International Baccalaureate) կազմակերպության անդամ, կրթական եռաստիճան ծրագրերից ամենաբարձր աստիճանի IB Diploma (11-12-րդ դասարաններ) ծրագիր իրականացնելու իրավունքով։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության եւ հիմնադրամի ջանքերով 50 մլն դրամ է ուղղվել վարժարանի հիմնանորոգմանը, վերազինմանն ու այլ ծրագրերի իրականացմանը։ Նշենք, որ վարժարանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ ավարտին է հասցրել նաեւ «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարի երկրորդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները։ Արդեն 2012թ. ամռանն այն կօգտագործվի ինչպես վարժարանի աշակերտների ռազմամարզական հավաքների, այնպես էլ տարբեր դպրոցների ուսուցիչների վերապատրաստման, միջազգային ամառային դպրոցի անցկացման եւ դպրոցականների միջազգային օլիմպիադաներին Հայաստանի հավաքական թիմերի նախապատրաստման նպատակով։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել նաեւ վարժարանի ուսուցիչների նորարարական աշխատանքների խթանման ուղղությամբ։ Համագործակցության արդյունքում մեծ թափ հաղորդվեց 4 համարձակ ծրագրերի։ Դրանցից առաջինը վերաբերում է տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցմանն ու ներդրմանը, երկրորդը՝ Հայաստանի եւ սփյուռքի դպրոցներում «Լոգո» (Logo Microwords) առաջին հայալեզու համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրմանը։ Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն կստեղծի Հայաստանի դպրոցականների համար աշխարհի տարբեր ծայրերում գտնվող սփյուռքի հայկական դպրոցների՝ իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ մայրենի լեզվով ստեղծելու ինտերակտիվ կրթական բովանդակություն։ Երրորդ եւ չորրորդ ծրագրերի շրջանակներում ստեղծվել են անգլերենի եւ ֆիզիկայի ինքնատիպ էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ։
  -   Հասարակութիւն