Լարիսա Ալաւերդեան. 2012թ. պետբիւջէն կոչուած է ապահովել օլիգարխիկ համակարգի անդորրը


Լարիսա Ալաւերդեան. 2012թ. պետբիւջէն կոչուած է ապահովել օլիգարխիկ համակարգի անդորրը

  • 12-12-2011 21:30:48   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը դեկտեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում հանդես է եկել հայտարարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք, «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, հայտարարության տեքստն ամբողջությամբ. «Հարգելի հայրենակիցներ, Ազգային ժողովն ընդամենը 66 ձայնով (131-ից) հազիվ կարողացավ օրենքի ուժ տալ Կառավարության ներակայացրած եւ ներկա իշխանությունների անճարության մասին վկայող գալիք տարվա պետական բյուջեին: «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է այս բյուջեին, քանի որ այն կոչված է ապահովել օլիգարխիկ համակարգի անդորրը, ժողովրդի լայն խավերի խղճուկ եւ անպաշտպան գոյատեւման հաշվին: 2012թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության 152 առաջարկություններից 151-ը մերժվել է: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Կառավարությունը մերժել է թե ակնհայտ ստվերը եւ գերշահույթները բյուջե մուտքագրող, թե ժողովրդի խոցելի խավերի վիճակի բարելավմանն ուղղված ծախսերի ավելացմանը վերաբերող առաջարկությունները: Իշխանություններն այդպես էլ չանդրադարձան իրենց իսկ ջանքերով օրեցօր աղքատացող թոշակառուների, ցածր աշխատավարձ ստացող անձանց, Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականների եւ ներքին տեղահանված` մասնավորապես Արծվաշեն գյուղի բնակիչների, մանկատների սաների եւ վերջապես սահմանամերձ` հատկապես Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանից 1-5 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներում ապրող բնակիչների հոգսերին: «Ժառանգությունը» միշտ էլ հետեւողական է եղել Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրների լուծմանն ուղղված հարցերին: Մենք առաջարկել ենք Կառավարությանը սահմանապահ համայնքերի նկատմամբ հանդես գալ ոչ թե ձեւական բնույթ կրող հայտարարություններով, այլ ընդգծված տարբերվող քաղաքականությամբ եւ բյուջետային ծախսերով ապահովել այդ համայնքերի ամրապնդումը, բնակիչների արժանապատիվ կյանքը, այդպիսով, փաստորեն, երկրի ու ժողովրդի անվտանգությունը: Մերժվել են «Ժառանգության»` գյուղական համայնքերի զարգացմանն ուղղված հետեւյալ առաջարկությունները` Սահմանամերձ եւ բարձր լեռնային բոլոր բնակավայրերի ազատում գույքահարկից եւ հողի հարկից, գյուղատնտեսության սուբսիդավորման նպատակով հատկացվող միջոցների կրկնապատկում, ոռոգման նպատակով հատկացվող բյուջետային միջոցների ավելացում 5 մլրդ դրամով, համայնքներին տրվող սուբվենցիաների ավելացում 10 մլրդ դրամով, մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար Կառավարության առաջարկած գումարի վեցապատիկ ավելացում, երիտասարդ եւ անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովում: «Ժառանգությունը» գործող իշխանություններից պահանջում է անհապաղ մշակել եւ 2012-2013թթ. իրականացնել նշված գոտիներում գտնվող համայնքերի ամրապնդման եւ համալիր զարգացման ծրագիր` դրանով իսկ ապահովելով երկրի անվտանգությունը»:
  -   Քաղաքական