Արտակարգ իրավիճակների նախարարութիւնը նախապատրաստւում է Ամանորին


Արտակարգ իրավիճակների նախարարութիւնը նախապատրաստւում է Ամանորին

  • 12-12-2011 21:47:32   | Հայաստան  |  Հասարակութիւն
Դեկտեմբերի 12-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար անձնակազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը՝ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ: Ըստ ԱԻՆ-ից ստացված հաղորդագրության, նախարարն ուշադրություն է հրավիրել առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում եւ այլ վայրերում հրդեհային անվտանգության ապահովման եւ հրավառությունների ու այլ հրատեխնիկայի անվտանգ օգտագործման անհրաժեշտության վրա եւ հանձնարարել ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։ Նշված խնդիրների վրա բնակչության ուշադրությունը բեւեռելու նպատակով հանձնարարվել է հեռուստատեսությամբ կազմակերպել հրդեհային անվտանգության պահպանման, հրավառությունների անվտանգ օգտագորման մասին տեղեկացնող-հիշեցնող սոցիալական տեսահոլովակների ցուցադրում։ Արմեն Երիցյանը հանձնարարել է իրականացնել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից եւ լրացումներից բխող անհրաժեշտ աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է հրավիրվել քաղպաշտպանության ծառայության արդյունավետության բարձրացմանն ու մարզերի հետ աշխատանքների ակտիվացմանը։ Նախարարը նշել է, որ զենք-զինամթերքի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ ահազանգերին ավելի արդյունավետ արձագանքելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությունում կձեւավորվի սակրավորների խումբ: Բարդ տեղամասերում քարաթափումներն ու սահքերը կանխարգելելու, ինչպես նաեւ բարդագույն խնդիրներ լուծելու նպատակով կկազմավորվի նաեւ հատուկ խումբ` պայթեցման աշխատանքների համար: Այդ նպատակով մի խումբ ծառայողներ արդեն մասնակցում են համապատասխան դասընթացների: Արտակարգ իրավիճակների նախարարությունում շարունակվում է աշխատակիցների ատեստավորումը: Անցյալ շաբաթ ատեստավորվել է մոտ 500 հրշեջ-փրկարար: Նախարարին զեկուցվել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված 114 դեպքի ապահովվել է օպերատիվ եւ արդյունավետ արձագանք: Նախարար Երիցյանը Փրկարար ծառայության տնօրենին հանձնարարել է դրամական խրախուսանքի ներկայացնել դեկտեմբերի 10-ին Երեւանի Բուզանդի փողոցում բարդ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին։ Նախարարը նշել է, որ մոտ ապագայում ԱԻ աշխատակցի համազգեստ կկրեն համակարգի բոլոր ծառայությունների, այդ թվում` հրդեհային տեսչության եւ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցները:
  -   Հասարակութիւն