Հ.Յ.Դ. ներկայացուցիչը մասնակցել է «Արդար Ռուսաստան» կուսակցութեան համագումարին


Հ.Յ.Դ. ներկայացուցիչը մասնակցել է «Արդար Ռուսաստան» կուսակցութեան համագումարին

  • 14-12-2011 13:33:01   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Արդար Ռուսաստան» կուսակցության համագումարը, որը հրավիրվել է ՌԴ նախագահի թեկնածու առաջադրելու օրակարգով։ «Արդար Ռուսաստանը» նախ ամփոփել է դումայական ընտրությունների արդյունքները, ինչի համաձայն կուսակցությունը համարյա կրկնապատկել է իր ցուցանիշը՝ 13,2 տոկոսով զբաղեցնելով երրորդ տեղը՝ ստանալով 64 մանդատ։ Հարկ է նշել, որ ՌԴ Պետական Դումայի ընտրություններում «Արդար Ռուսաստանի» ցուցակում ընդգրկված էին ամենաշատ թվով հայեր։ Նրանցից ընտրվել է Հովհաննես Օհանյանը, ով վայր է դնելու Դաշնային Խորհրդի անդամի իր լիազորությունները եւ խորհրդարանական գործունեությունը շարունակելու է Դումայի կազմում։ Նա այս գումարման Դումայում միակ հայն է հանդիսանում։ Հաջորդ տարի մարտին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար համագումարը առաջադրել է կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի թեկնածությունը։ Իր ծրագրային ելույթում նա հայտարարել է, որ զարգանալու համար Ռուսաստանը պետք է այլընտրանքի, իսկ քաղաքացիները` իրական ընտրության հնարավորություն ունենան։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցել է Հ.Յ.Դ. Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը։ Կուսակցության ղեկավարությանը եւ համագումարի պատգամավորներին ողջույնի ուղերձ է հղել Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագույն Մարմինը, ուր մասնավորապես ասվում է. «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության դիրքերի ամրապնդումը, անշուշտ, նպաստում է Ռուսաստանում քաղաքական համակարգի զարգացմանը եւ համապատասխանաբար՝ ռուսաստանյան հասարակության հրատապ խնդիրների լուծմանը։ Այն նաեւ դրական ազդեցություն է թողնում ԱՊՀ տարածքում սոցիալ-դեմոկրատական սկզբունքների ամրագրման վրա։ Վստահ ենք, որ հետագայում եւս Դաշնակցության եւ «Արդար Ռուսաստանի» հարաբերությունները ինչպես երկկողմանի միջկուսակցական մակարդակում, այնպես էլ Սոցինտերնի շրջանակում կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների եւ միջազգային սոցիալիստական շարժման զարգացմանը»։ Հեռ: +37410 52.18.90 (120) Էլ.փոստ pressoffice@arf.am
  -   Մամլո հաղորդագրություն