Թուրքիայի եւ Ադրբեջանի կրթութեան ոլորտի պատասխանատուները հրաւիրուել են Հայաստան


Թուրքիայի եւ Ադրբեջանի կրթութեան ոլորտի պատասխանատուները հրաւիրուել են Հայաստան

  • 24-05-2011 14:01:21   | Հայաստան  |  Հասարակութիւն
Բոլոնեան գործընթացը այս տարուայ յուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը համանախագահելու են Հայաստանը եւ Լեհաստանը: Այդ կապակցութեամբ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը Բոլոնեան գործընթացի օրակարգի շրջանակներում նախատեսել է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ: Յուլիսի 3-10-ին նախատեսւում է կազմակերպել Միջազգային ուսանողական ամառային դպրոց, որի նպատակն է համախմբել Հայաստանի եւ Բոլոնիայի անդամ երկների ուսանողներին եւ քննարկել Բոլոնիայի գործընթացին առընչուող մի շարք կարեւոր հարցեր, իսկ սեպտեմբերի 8-9-ին անցկացնել միջազգային համաժողով` նուիրուած բարձրագոյն կրթութեան ֆինանսաւորման խնդիրներին: Համաժողովի ընթացքում կը ստեղծուի քննարկումների հարթակ` բարձրագոյն կրթութեան ֆինանսաւորման տարբեր մեխանիզմների եւ կրթութեան որակի, հաւասարութեան ու արդիւնաւէտութեան վրայ դրանց ունեցած ազդեցութեան շուրջ տեսակէտներ փոխանակելու համար: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանն, ի թիւս Բոլոնեան գործընթացի անդամ այլ երկրների նախարարների, Բոլոնեան գործընթացի օրակարգի շրջանակում Հայաստանում իրականացուող միջոցառումներին մասնակցելու հրաւէր-նամակներ է ուղարկել Թուրքիայի բարձրագոյն կրթութեան խորհրդի նախագահին եւ Ադրբեջանի կրթութեան նախարարին:
  -   Հասարակութիւն