Փոքրամասնութեան իրաւունքների խախտումները Թուրքիայում


Փոքրամասնութեան իրաւունքների խախտումները Թուրքիայում

  • 02-03-2011 11:10:57   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Վերջերս Ստամբուլում թողարկուած երկու փաստաթղթերը նոր լոյս են սփռում Թուրքիայում փոքրամասնութեան իրաւունքների խախտումների վրայ: Այդ զեկոյցների հեղինակները զգուշաւոր, սակայն ճիշտ գնահատական են տալիս հայկական, յունական եւ հրէական համայնքների առջեւ ծառացած հիմնախնդիրներին:   ,զեկոյց ոչ մահմեդական փոքրամասնութիւնների վերաբերեալէ խորագիրը կրող առաջին փաստաթուղթը թուագրուած է 2011 թուականի փետրուարին: Դրա հեղինակներն են երեք յայտնի պոլսահայեր` Գրիգոր Դօշեմիչեանը, Երուանդ Օզուզունը եւ Մուրադ Բեբիրօղլուն: Հեղինակները նպատակադրուել էին Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների հիմնախնդիրներին լուծում գտնել ճիշտ այն ժամանակ, երբ կառավարութիւնը նախապատրաստւում է վերանայել սահմանադրութիւնը` Եւրամիութեանն անդամակցելու իր հնարաւորութիւնները բարձրացնելու համար: Չնայած հեղինակները չեն նշում, թէ արդեօք իրենց զեկոյցը ներկայացուել է թուրք պաշտօնեաներին, սակայն իշխանութիւնները, անկասկած, տեղեակ են դրա բովանդակութեանը: Այն թուրքերէն լեզուով տեղադրուած է Ստամբուլում գործող hyetert.com կայքէջում: Ստորեւ թարգմանաբար ներկայացուած են զեկոյցի հիմնական կէտերը. Ոչ մահմեդական փոքրամասնութիւնների առջեւ ծառացած դժուարութիւնները հեղինակները կապում են 1923 թուականին Թուրքիայի Հանրապետութեան ստեղծման հետ` որպէս միաձոյլ, միատարր պետութեան, որը հիմնուած էր մէկ մշակոյթի եւ մէկ կրօնի վրայ: Այդ քաղաքականութիւնը լուրջ հետեւանքներ է ունեցել փոքրամասնութիւնների համար, ստիպելով նրանց փախչել երկրից կամ ձուլուել:  Ոչ մահմեդական փոքրամասնութիւնները դիտարկւում էին կամ որպէս օտարերկրացիներ կամ պետութեան ներքին թշնամիներ: Հնարաւոր չէ մի ոստիկան կամ սպայ գտնել, որը փոքրամասնական որեւէ խմբի անդամ լինի: 1934 թուականին Թրակիայից հրէաների տեղահանութիւնը, 1942 թուականի փոքրամասնութիւնների ունեցուածքից ահաւոր չափի հարկերի գանձումը, եւ 1955 թուականի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում յոյների վրայ կատարուած լայնածաւալ յարձակումները, յանգեցրին ոչ միայն այս համայնքների աղքատացմանը, այլ նաեւ նրանց մշակոյթի քայքայմանը: Այսպիսի խտրական քաղաքականութեան եւ դաժան յարձակումների հետեւանքով Թուրքիայի ազգային փոքրամասնութիւնների թուաքանակը զգալիօրէն նուազեց` 1927 թուականի 350 հազարից հասնելով մինչեւ ներկայիս 80 հազարը, այն դէպքում, երբ թուրքերի թիւն աւելացաւ վեց անգամ: Հեղինակները նշում են, որ թուրքական կառավարութիւնը վերջերս վերադարձրել է փոքրամասնութիւնների հաստատութիւններին պատկանող մի քանի կալուածքներ, որոնք բռնագրաւուել էին սկսած 1974 թուականից: Սակայն փոքրամասնութիւնների հաստատութիւնների մասին նոր օրէնքում առկայ հակասութիւնների եւ թերութիւնների պատճառով վերադարձուած կալուածքները չեն կարող շահաւէտ օգտագործուել, որովհետեւ ոչ մի համայնքի թոյլ չի տրւում դրանք վերանորոգել: Կառավարութիւնը նաեւ խախտել էր Լոզանի պայմանագրի 41-րդ եւ 42-րդ յօդուածները, որոնցով Թուրքիան պարտաւորւում էր ֆինանսաւորում եւ հնարաւորութիւններ ապահովել ոչ մահմեդական փոքրամասնութիւններին` կրթական, կրօնական եւ բարեգործական նպատակների համար, եւ պահպանութեան տակ առնել նրանց կրօնական հաստատութիւնները: Բացի Լոզանի պայմանագրից, Թուրքիայի կառավարութիւնը շարունակաբար խախտում է նաեւ Մակ-ի կոնուենցիաների եւ Մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիայի մի շարք դրոյթներ: Փոքրամասնութիւնների առջեւ ծառացած լրջագոյն խնդիրներից մէկն այն է, որ թուրքական կառավարութիւնը չի ճանաչում Հայոց պատրիարքարանն ու Հրէական ռաբբինատը որպէս իրաւաբանօրէն ճանաչուած հաստատութիւն: Միայն անցեալ տարի, Յունական պատրիարքարանը, վերջապէս ճանաչուեց որպէս իրաւական հաստատութիւն: Մէկ այլ խնդիր է կառավարութեան կողմից թուրք փոխտնօրէնների նշանակումը փոքրամասնութիւնների դպրոցներում վերահսկողութիւն իրականացնելու համար, որը խոր անվստահութիւն է առաջ բերում: Նոր ուսուցիչների եւ կղերականների պատրաստումը եւս անհնարին էր դառնում թուրքական պետութեան կողմից կրօնական ճեմարանների փակման պատճառով: Զեկոյցի հեղինակները պահանջում են, որպէսզի կղերականներին թոյլատրուի կրօն դասաւանդել փոքրամասնութիւնների դպրոցներում, ինչպէս եղել է նախկինում: Եզրափակելով, հեղինակները թուրքական իշխանութիւններին կոչ են անում ,ժողովրդավարական եւ ժամանակակիցէ սահմանադրութիւն մշակելիս հաշուի առնել բոլոր վերոնշեալ իրաւական հարցերը: Երկրորդ փաստաթուղթը մի հարցազրոյց է, որը ,ակունքէ կենտրոնից Մելինէ Անումեանը վարել է Պոլսոյ Հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշեանի հետ, քանի որ Պատրիարքարանը պատրաստւում է նշել իր 550-ամեակը: Ըստ Աթեշեան սրբազանի, Ստամբուլում բնակւում են 67 հազար հայեր, իսկ երկրի ներսում` երեք հազար հայեր. Անկարայում` 500, Իսքենդերունում` 300, Սեբաստիայում` 70, Մալաթիայում` 50, իսկ Խարբերդում` 20 հայ ընտանիք: Բացի այդ, Սրբազանը յայտնել է, որ Թուրքիայում կան 100 հազար հայեր, որոնք վախենում են բացայայտել իրենց իսկական ինքնութիւնը: Այս ցուցանիշները չեն ներառում Հայաստանից եկած ապօրինի աշխատողներին, որոնք իրենց անօրինական կարգավիճակի պատճառով չեն կարող պսակադրուել, իսկ նրանց երեխաները` մկրտուել Պատրիարքարանի կողմից: Աթեշեան սրբազանը գոհ է, որ վերջին տարիներին մի քանի բռնագրաւուած կալուածքներ վերադարձուել են հայկական հաստատութիւններին: Նա յայտնել է, որ Թուրքիայում գոյութիւն ունեն Հայ Առաքելական 44 գործող եկեղեցի, որոնցից 37-ը գտնւում են Ստամբուլում, երեքը` Իսքենդերունում, երկուսը` Տիգրանակերտում եւ մէկական` Մարդինում ու Կեսարիայում: Բացի այդ, Պատրիարքարանի հովանու տակ գործում են 12 հայկական դպրոցնէր, իսկ հայ կաթողիկէներն ունեն երեք դպրոց ու տասը եկեղեցի: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում ապրում են երեք հազար հայ կաթողիկէներ եւ հազար հայ բողոքականներ: Ուրախալի է, որ ինը տասնամեակ անց Ստամբուլի հայ հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարները բաւարար քաջութիւն ունեցան իրենց ձայնը բարձրացնելու ի պաշտպանութիւն իրենց ոտնահարուած քաղաքացիական իրաւունքների:   Յարութ Սասունեան «Կալիֆորնիայ կ'ուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ