Միջազգային հանրութիւնը պէտք է աւելի խիստ վերաբերուի Ադրբեջանի ռազմատենչ յայտարարութիւններին


Միջազգային հանրութիւնը պէտք է աւելի խիստ վերաբերուի Ադրբեջանի ռազմատենչ յայտարարութիւններին

  • 02-03-2011 10:47:39   | ԱՄՆ  |  Քաղաքական
Փետրուարի 28-ին Ամերիկայի Միացեալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում ԼՂՀ արտգործնախարար Գէորգի Պետրոսեանը զեկոյցով հանդէս է եկել ամերիկեան Ռազմավարական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնում (CSIS) տեղի ունեցած միջոցառմանը` նուիրուած Արցախեան հիմնախնդրին: Իր խօսքում Գէորգի Պետրոսեանը ներկայացրել է Ղարաբաղի իշխանութիւնների դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ: Միաժամանակ նա ընդգծել է հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում Արցախի անմիջական մասնակցութեան անհրաժեշտութիւնն ու անխուսափելիութիւնը: Նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրութիւնը պէտք է աւելի խիստ վերաբերուի Ադրբեջանի ղեկավարութեան ռազմատենչ յայտարարութիւններին, որոնք էապէս խաթարում էն խաղաղ բանակցային գործընթացը: Ելոյթից յետոյ Գէորգի Պետրոսեանը պատասխանել է ներկաների` ԱՄՆ տարբեր վերլուծական կենտրոնների փորձագէտների հարցերին: Այնուհետեւ, ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրէսի հայկական յանձնախմբի համանախագահող Ֆրենք Փալոունի հետ: Հանդիպման ժամանակ Գէորգի Պետրոսեանն իր երախտագիտութիւնն է յայտնել ԱՄՆ կոնգրէսականին Արցախին մշտապէս աջակցութիւն ցուցաբերելու համար: Հանդիպմանը մասնակցում էր Ամն-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը: Նոյն օրը երեկոյեան նախարարը ելոյթով հանդէս է եկել ԱՄՆ Կոնգրէսում` Սումգայիթի ու Բաքուի կոտորածների զոհերի յիշատակին նուիրուած միջոցառմանը: Իր խօսքում ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը ընդգծել է, որ համայն հայութիւնը միջազգային հանրութիւնից ակնկալում է Սումգայիթի, Բաքուի ու Ադրբեջանի այլ քաղաքներում տեղի ունեցած ոճրագործութիւնների խստագոյն դատապարտում: Միջոցառմանը ելոյթ էն ունեցել ԱՄՆ կոնգրէսականներ Ֆրենք Փալոունը, Աննա Էշուն, Էլիոտ Էնգելը, Ջեկի Սփիյեռն ու Բրէդ Շերմանը, Ամն-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարեանը եւ ուրիշներ: Ելոյթ ունեցողները դատապարտել էն Սումգայիթում հայ ազգաբնակչութեան դէմ կազմակերպած կոտորածները եւ պատրաստակամութիւն էն յայտնել շարունակել ղարաբաղեան խնդրի արդար կարգաւորմանն ուղղուած ջանքերը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւն
  -   Քաղաքական