Յարութ Սասունեան. Գերմանական ապահովագրական ընկերութիւնները չպէտք է խաբեն իրենց հայ յաճախորդներին


Յարութ Սասունեան. Գերմանական ապահովագրական ընկերութիւնները չպէտք է խաբեն իրենց հայ յաճախորդներին

  • 25-01-2011 11:14:15   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Այն բանից յետոյ, երբ ԱՄՆ 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանը երեք դատաւորների կազմով որոշում կայացրեց, ըստ որի Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգները կարող էին փոխհատուցում պահանջել Օսմանեան կայսրութիւնում գործած ապահովագրական ընկերութիւններից, գերմանական ընկերութիւնները միջնորդութիւն ներկայացրին այդ նոյն դատարան` լրիւ կազմով վերաքննութիւն անցկացնելու համար: Հզօր փաստաբանների վրայ հսկայական գումարներ ծախսելու փոխարէն գերմանական ապահովագրական ընկերութիւնները պէտք է անյապաղ լուծեն այս դատական վէճը եւ հասանելիք փոխհատուցումները վճարեն ապահովագրերի տէրերի` հայ նահատակների ժառանգներին: Օսմանեան կայսրութեան շատ հայ բնակիչներ հաւատացել էն այդ եւրոպական ընկերութիւններին եւ պարտաճանաչ կերպով կատարել իրենց մուծումները, որպէսզի իրենց մահից յետոյ նրանց ընտանիքներն ապահովագրերից վճարումներ ստանան: Այս դատական հայցը ոչ մի առնչութիւն չունի դաշնային կառավարութեան կողմից Ցեղասպանութեան ճանաչման կամ նահանգների իրաւունքների հետ ընդդէմ Վաշինգտօնի: Գերմանական ընկերութիւնները խախտել էն իրենց պայմանագրային համաձայնագրերը եւ չէն կատարել ապահովագրերի հայ տէրերին տուած իրենց խոստումները: Ժառանգներն իրաւասու էն ստանալու իրենց հասանելիք գումարները, անկախ այն բանից, թէ ովքեր էն սպանել իրենց նախնիներին` ցեղասպան մոլագարները, թէ հարբած վարորդները: Միակ կարեւոր հարցն այն է, որ նրանց մահից յետոյ, պէտք է անյապաղ վճարէին նրանց ժառանգներին` կեանքի ապահովագրերի պայմաններին համապատասխան: Դրա փոխարէն, գրեթէ մէկ դար շարունակ գերմանական ընկերութիւնները խուսափել էն իրենց ֆինանսական պարտաւորութիւնները կատարելուց եւ թուրքական ժխտողական քարոզարշաւն անամօթաբար օգտագործել որպէս ծածկ: Նրանց իրաւաբաններն անգամ մէջբերումներ էն արել Թուրքիայի դեսպանատան կայքում տեղադրուած Ցեղասպանութեան ժխտողական նիւթերից: Եթէ այս ընկերութիւնները հրէաների Հոլոքոստը ժխտող նման մի գործունութիւն ծաւալէին եւ մէջբերումներ անէին նէոնացիստական կայքերից, ապա 24-ժամուայ ընթացքում նրանք սնանկ կը ճանաչուէին: Փաստաբանները պնդում էն, թէ իբր Միացեալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը «մեծ վնաս կը հասցնի Ամերիկայի ազգային շահերին»: Անհեթեթ է, որ գերմանական ապահովագրական ընկերութիւնները օգտագործում էն էն նման անհիմն փաստարկներ` իրենց հարստացման համար: Այս երկրի շահերի պաշտպանութիւնը Միացեալ Նահանգների կառավարութեան պարտաւորութիւնն է, եւ ոչ թէ այդ գերմանական ընկերութիւններինը: Գերմանական ընկերութիւնների փաստաբաններն իրենց բողոքում` Միացեալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման փաստաթղթերի թուարկումը խորամանկօրէն սկսել էն միայն վերջին երեք ամերիկեան նախագահներին յղումներ անելով, քանի որ նրանց պաշտօնավարութեան ընթացքում Ներկայացուցիչների պալատը նոր բանաձեւէր չի ընդունել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ: Բարեբախտաբար, Միացեալ Նահանգների պատմութիւնը 2000 թուականից չի սկսւում: Փաստաբաններին շատ ձեռնտու էր անտեսել այն փաստը, որ Միացեալ Նահանգների կառավարութիւնն առաջին անգամ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել է դեռեւս 1951 թուականին` Արդարադատութեան միջազգային դատարանին ներկայացրած մի փաստաթղթով: Այդ ժամանակից ի վեր, Ներկայացուցիչների պալատը երկու անգամ`1975 եւ 1984 թուականներին բանաձեւէր է ընդունել Հայոց ցեղասպանութեան յիշատակի վերաբերեալ, իսկ 1981 թուականին նախագահ Ռեյգանը նախագահական Հռչակագիր է ընդունել` յիշատակելով Հայոց ցեղասպանութիւնը: Բացի այդ, վերջին 50 տարիների ընթացքում ԱՄՆ 42 նահանգները եւ ամերիկեան բազմաթիւ քաղաքներ ճանաչել էն Հայոց ցեղասպանութիւնը: Դաշնային կառավարութիւնը երբեք չի առարկել կամ անհամաձայնութիւն չի յայտնել այս գործողութիւններից որեւէ մէկի վերաբերեալ: Եթէ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը չի բխում Միացեալ Նահանգների շահերից, ինչպէս պնդում էն այդ փաստաբանները, հետեւապէս նախագահ Ռեյգանը, ԱՄՆ արդարադատութեան նախարարութիւնը, Ներկայացուցիչների պալատի` Ցեղասպանութեան բանաձեւի օգտին քուէարկած հարիւրաւոր անդամներ, 42 նահանգների հազարաւոր օրէնսդիրներ եւ բազմաթիւ քաղաքապետեր ու նահանգապետեր պէտք է համարուէն հակաամերիկեան: Իրականում, այս պատմական հաստատումներն աւելի շատ էն առնչւում սոյն գործին, քան Միացեալ Նահանգների վերջին երեք նախագահների` քաղաքական դրդապատճառներով պայմանաւորուած բարոյազուրկ յայտարարութիւնները: Երբ 2000 թուականին Կալիֆորնիայի նահանգը օրէնք ընդունեց` երկարաձգելով Հայոց ցեղասպանութեան զոհերի պահանջների վերաբերեալ օրէնքով նախատեսուած սահմանափակումը, ապա դա արուեց տուեալ ժամանակաշրջանում Միացեալ Նահանգների կողմից Ցեղասպանութեան լայն ճանաչման փաստի հիման վրայ: Այդ ժամանակից ի վեր, այս պատմական փաստը հակասող ոչ մի նոր բանաձեւ չի ընդունուել, եւ դրա դէմ ոչ մի քուէ չի տրուել: Միացեալ Նահանգների ոչ մի պաշտօնեայ երբեւէ չի ժխտել Հայոց ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը: Իրականում, վերջին երեք նախագահների պաշտօնավարութեան օրօք Ցեղասպանութեան փաստը զգալիօրէն ամրապնդուել է, երբ Ներկայացուցիչների պալատի իրար յաջորդող յանձնաժողովները, առնուազն չորս անգամ` 2000, 2003, 2007 եւ 2010 թուականներին, Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ բանաձեւէր էն ընդունել: Գերմանական ընկերութիւնների բողոքարկման մէջ ամենազաւեշտալին այն է, որ փորձելով արդարացնել իրենց անպատասխանատու վարմունքը, նրանք յղում էն արել տողերիս հեղինակին որպէս «հեղինակութիւն»` մէջբերում անելով իմ յօդուածներից մէկից, որտեղ էս քննադատում եմ նախագահ Օբամային` Հայոց ցեղասպանութիւնը որպէս «Մեծ եղեռն» յիշատակելու համար: Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Քէն Խաչիկեանը նոյնպէս նշւում է որպէս «հեղինակութիւն»: Նա եւս դժգոհութիւն էր արտայայտել Օբամայի կողմից այդ եզրն օգտագործելու համար: Նախագահ Օբամայի կողմից բառերի ընտրութիւնը ոչ մի առնչութիւն չունի այն փաստի հետ, որ այս ընկերութիւնները խաբել էն իրենց հայ յաճախորդներին եւ նրանց ժառանգներին` չվճարելով նրանց հասանելիք գումարները: Հասել է ժամը, որ գերմանական ապահովագրական ընկերութիւնները բողոքարկելու փոխարէն, դադարեն խաղեր խաղալ իրենց նահատակուած յաճախորդների օրինական հայցերի հետ եւ անյապաղ նրանց ժառանգներին վճարեն իրենց ունեցած պարտքը: Յարութ Սասունեան «Կալիֆորնիա կ'ուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ