Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցուեց Ճրագալոյցի Սբ. Պատարագ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցուեց Ճրագալոյցի Սբ. Պատարագ

  • 06-01-2012 16:07:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստուածյայտնութեան տօնի առիթով յունուարի 5-ի երեկոյեան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց Ճրագալոյցի Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձաւ Քրիստոսի Ս. Ծննդեան խորհրդին.«այսօր մենք նշում ենք մի ծնունդ, որը գալիս է պարզաբանելու եւ լոյս սփռելու մարդկային բոլոր ծնունդների խորհուրդների վրայ: Քրիստոսի ծննդի լոյսի ներքոյ մեզ համար ընկալելի է մարդկային ծննդեան եւ մահուան խորհուրդը: Առանց Քրիստոսի ծննդեան սրբազան խորհրդի մենք չենք կարող հասկանալ որտեղից եկանք, ինչու ծնուեցինք եւ ինչու ենք մահանում մեր երկրաւոր կեանքն աւարտելուց յետոյ: Ահա Քրիստոս իր հրաշափառ ծննդեամբ գալիս է իմաստ ու բովանդակութիւն հաղորդելու մարդկային կեանքին: Յաճախ կեանքը մեզ համար անիմաստ ու աննպատակ է թւում` զրկանքներով, տառապանքներով ու դժուարութիւններով լեցուն. կեանքը, կարծես, ներկայանում է մեզ տառապանքի մի հովիտ, մի վայր, ուր մենք ամէնքս եկել ենք զրկանքներ, կորուստներ ու անյարմարութիւններ կրելու: Սակայն Քրիստոսի ծնունդը գալիս է հաստատելու եւ վճռականօրէն արձանագրելու, որ կեանքն ունի իր բովանդակութիւնն ու իմաստըէ: Պատարագի աւարտին կատարուեց նախատօնակ, որից յետոյ Ամենայն Հայոց Հայրապետը Տիրոջ Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան աւետիսը, ապա եւ Միածնաէջ Տաճարի Ս. Սեղանի լոյսը փոխանցեց Մայր Աթոռի միաբանութեանը եւ ներկայ հազարաւոր հայորդիներին: Մինչեւ ուշ գիշեր բարեպաշտ ժողովուրդն այցելում էր տօնական լոյսերով ողողուած համայն հայութեան հոգեւոր կենտրոնը եւ Մայր Տաճարի կանթեղներից իրենց օջախները տանում մեր Տիրոջ Ս. Ծննդեան աւետաբեր եւ կենդանարար լոյսը:
  -   Մամլո հաղորդագրություն